Նապոլեոնը տորթ չէ, Սասունցի Դավիթն էլ՝ միայն արձան
«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Աժ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չունի այն պրոֆեսիոնալիզմը, ինչով ԱԺ-ում այդ պահին ակադեմիկոսները և դոկտորները քննարկում են իրականացնում, այդ պատճառով էլ կանդրադառնա հասարակությանը հուզող և նախկինում շատ քննարկված հարցին։
Անդրադառնալով «Բարձրագույ ն կրթությա և գիտության մասին» օրենքի նախագծով բուհերի պարտադիր դասավանդման ծրագրերից հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաների հանման խնդրին՝ պատգամավորը հայտարարեց. «Պարոն նախարար, ես այս հարցում ձեր շատ կարծր մոտեցման մասին գիտեմ, բայց ես շարունակում եմ մնալ այլ համոզման, և թող որևէ մեկը ինձ չհամարի հետադիմական։ Այո միգուցե ձեր քայլը կլիներ ընդունելի, եթե մենք դպրոցներում ունենայինք «Հայոց լեզու», «Հայոց գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների այն որակը, որ բուհերում անհրաժեշտություն չլիներ գոնե ինչ–որ ժամանակ ապահովել դրանց պարտադիր ուսուցում»։
Նարիա Զոհրաբյանն ընթերցեց գնահատման և թեսթավորման կենտրոնի՝ հայոց լեզվի և գրականության միասնական կենտրոնացված քննության արդյունքներն, ըստ որոնց նախորդ տարի 31021 աշակերտից 1686–ը ստացել է անբավարար։ 19-20 միավոր ստացել է միայն 182 աշակերտ։ Իսկ այս տարի՝ միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար «խայտառակ» գնահատական ստացել է 1160–ը։
«Իմ համար միշտ մտահոգիչ է եղել, երբ տարբեր ոլորտներում սայլը միշտ դրել ենք ձիուց առաջ։ Եկեք ավագ դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան է։ Հասկանում ե՞ք, ու շատ լուրջ տեսքով։ Ապահովենք, որ մեր հանրության համար «մեղանչել» բառը չասոցացվի «ապաշխարհել» բառի հետ։ Այսինքն՝ մենք ապահովենք այդ կրթական մակարդակը մեր հանրակրթական դպրոցներում, և նոր մտածենք այս հարցերի մասին։
Ընդգծելով, որ ինքը անարխիստ չէ՝ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթն ավարտեց անարխիստ Բակունինի միտքը ընթերցելով. «Ժամանակակիցը՝ հակաէսթետիկի ու այլասերվածության էպատաժային քարոզը չէ, ու ավանդականը՝ անախրոնիզմ չէ։ Քո ինքնության Եսից փախուստը բնորոշ է մարտնչող միջակություններին։ Քո ինքնության նկատմամբ հիստերիկ բարդույթ ունենալը բնորոշ է չկայացածներին։ Ես տոլերանդ եմ մինչև այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք՝ առանց իմ թույլտվությունն ունենալու»։