
ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և Արաքս թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ի կողմից Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:
Հանձնաժողովից մանրամասնում են, որ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի« Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպա ության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ: