Մեկ օրում լսումներին մասնակցելու համար ստացված 600 հայտերը հանձնաժողովին ստիպել է դադարեցնել գրանցումները
««Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումները մեծ հետաքրքրություն են առաջացրել բուհերի և հասարակության լայն շրջանում և մեկ օրում ԱԺ է ներկայացվել դրանց մասնակցելու 600 հայտ»,- այսօր հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Մխիթար Հայրապետյանը լսումների մեկնարկին։
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ստիպված են եղել դադարեցնել լսումներին մասնակցել ցանկացողների գրանցումը, որը հիմնավորեց ԱԺ դահլիճի սահմանափակ պայմաններով։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ մասնակցության աննախադեպ մեծ թվի պատճառով փոխվել է նաև քննարկումների ձևաչափը և չեն լինելու հարցեր հնչելու հնարավորություններ։ Լսումների մասնակիցները կարող են նախատեսված 50 ելույթում հնչեցնել իրենց հարցերը։
Նշենք, որ հանրային լսումներում զեկույցներով հանդես եկան երկուսը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։