Պետք չէ ամերիկյան համակարգն ընդօրինակել, երբ գտնվում ես եվրասիական դաշտում
Պատգամավոր Վարդևան Գիրգորյանը Աժ լսումների ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի վրա, որով նախատեսված է, որ բուհերը պետք է մեկ տարում մշակեն կրթական ծրագրեր՝ դուրս գալով որակավորման ազգային շրջանակից և որակավորումների ոլորտային շրջանակներից։
Պատգամավորը հիշեցրեց, որ Բոլոնյան գործընթացի ժամանակ նման փոփոխության համար պահանջվեց 10-13 տարի և իրատեսական չէ մեկ տարվա պահանջը։
«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել կառավարության 19-20 թվականների գործունեության ծրագրերի կատարման միջոցառումների ցանկի 159-րդ կետի վրա։ Այս կետով ամրագրված է, որ նախարարությունը որակավորումների ոլորտային շրջանակը նախատեսել է մշակել և հաստատել 2020 թվականից մինչև 2023 թվականը՝ յուրաքանչյուր տարի 7-8 ոլորտային շրջանակ։ Հարց է առաջանում, ինչպե՞ս կարելի է օրենքով բուհերի առջև խնդիր դնել մեկ տարում հավատարմագրել բոլոր կրթական ծրագրերը, եթե այդ ծրագրերը կազմելու համար պարտադիր հենվելու են նաև որակավորումների ոլորտային շրջանակների վրա, որը առկա չէ, ավելին պատրաստ կլինի միչև 2023 թվականը», - հայտարարեց պատգամավորը և առաջարկեց գոնե 2024 թվականից սկսել ծրագրային հավատարմագրումը։
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան էլ հայտարարեց, որ բուհերից ու ակադեմիական ինստիտուտներից ուղարկած առաջարկները հաշվի չեն առնվել քննարկվող նախագծում։ Ըստ բանախոսի, նախագծով հստակ չէ նաև ԳԱԱ ճակատագիրը։
Ակադեմիկոսը համաձայն չէ նախարարի այն պնդման հետ, որ օրենքի նախագծով գիտական ինստիտուտների ինքնավարությունը բարձրացվել է։ Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական ինստիտուտները պետք է անջատվեն ԳԱԱ–ից և հաձնվեն բուհերին, որը, ըստ Աշոտ Մելքոնյանի Հայաստանին կհասցնի Ղազախստանի և Վրաստանի վատ վիճակին։
Գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար, ըստ նախագծի, նշանակվում է կառավարման խորհրդի կողմից, որի 5 անդամներին կառավարությունն է առաջարկում, չորսին՝ գիտական խորհուրդը։ Բնականաբար, խոսել ինքնավարության մասին անհնարին է»,– եզրափակեց բանախոսը։
«Գիտության աստիճանների վերաբերյալ այսքան քննադատվեց, թե մեր մոտ գիտության դոկտորներն ու թեկնածուներն շատ են։ Այս օրենքով, ինձ համար պարզ չէ, եթե PHD–ն միանգամից դառնում է գիտության դոկտորը, սա նշանակում է մոտիվացիան գիտաշխատողի մոտ պակասելու է, որովհետև թեկնածու դառնալուց հետո միանգամից դառնում է դոկտոր և դոկտորների թիվը միանգամից մեր մոտ կավելանան։ Պարզ չէ՞, որ բոլոր թեկնածուներն ավտոմատ դառնում են դոկտոր»,– հայտարարեց ակադմիկոսը և անդրադարձավ գիտական աստիճանների նախկին համակարգի՝ խորհրդային համարելու թյուր կարծիքին.
«Այն համարվում է որպես խորհրդային ժամանակներից մնացած համակարգ։ Նույն Եվրոպայում՝ Շվեդիայում, Ֆրանսիայում, մյուս երկներում գործում է նման համակարգ, որի համաձայն կա փիլիսոփայության դոկտոր՝ PHD և կա մասնագիտության դոկտոր, որը շատ ավելի բարձր աստիճան է։ Այս դեպքում պարտադիր պետք է՞ ամերիկյան համակարգն ընդօրինակենք, այն դեպքում երբ մոռանում ենք, որ եվրասիական դաշտում ենք գտնվում և գիտությունների թեկնածուն և դոկտորը շարունակում է այդ համակարգում գոյություն ունենալ»։