Ծաղկահովտում 2020-2023 թթ. ընթացքում կառուցվելու է նոր առողջության կենտրոն. մարզպետ
«2019 թվականը Արագածոտնի մարզի համար շատ լավն էր, մենք բազմաթիվ ոլորտներում ունեցել ենք զգալի, հեղափոխական հաջողություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Մարզպետի խոսքով, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժել է նաև Արագածոտնի մարզը և դրա հետ կապված մարզում մինչև նախորդ տարի պետությունը 30 ընտանիքի առջև ունեցել է փոխհատուցման և բնակարանի տրամադրման պարտավորություն։ 2019 թվականին այդ ընտանիքներից 15-ը բնակարան է ստացել, ևս 7-ը 2020 թվականին պետության կողմից բնակարան կստանան։
«Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշով Արագածոտնի մարզը երկար տարիներ վերջին տեղում է եղել։ 2018 թվականին սեփական եկամուտներ հավաքագրվել են ընդամենը 88.3 տոկոսով և 172 մլն դրամ պակաս է հավաքվել։ Իսկ 2019 թվականին 2018-ի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է 12.5 տոկոս, և սեփական եկամուտները նախատեսվող արդյունքը 5.4 տոկոսով գերակատարվել է, ինչը 330 մլն դրամից ավելի տարբերություն է տալիս 2018-ի նկատմամբ»,- ասաց Գևորգյանը։
2019 թվականին մարզի 16 դպրոցներում սանհանգույցներ և տարբեր դասասենյակներ են վերանորոգվել։ Դպրոցների շուրջ 90 տոկոսում տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է տաք սնունդ, և մնացյալ մի քանի դպրոցներում փորձում են խնդիրը լուծել։
Մարզպետը նշեց, որ նշված դպրոցներում դեռևս չկա ազատ տարածք, որը կարող է որպես ճաշարան օգտագործվել.
«24 դպրոցների համար մարզագույք է ձեռք բերվել, 5 դպրոցում մարզադահլիճ է վերանորոգվել, 2 համայնքում բացվելու է նոր մանկապարտեզ։ Արագածոտնի մարզում շուրջ 30 դպրոց դիզելային վառելիքով էր ջեռուցվում, և 2019 թվականին մենք մեծ մասամբ կարողացանք հաղթահարել այդ խնդիրը, նշված դպրոցները ջեռուցվում են կա՛մ էլեկտրական հոսանքով, կա՛մ գազով։ Մնացել է 2 դպրոց, որտեղ տեխնիկական հարց կա։ Դպրոցներից մեկում էներգախնայող համակարգ է ներդրվել»։
Արագածոտնի մարզում նախատեսվում է 2020 թվականի ընթացքում 2 նոր մոդուլային դպրոց կառուցել։ Մարզպետի հավաստմամբ, այդ դպրոցներն ունենալու են սեյսմակայունության ամենաբարձր մակարդակը։ Նորակառույց դպրոցները կլինեն մարզի ծայրամասային 2 գյուղերում.
«Բացի այդ այս տարի նախատեսում ենք սկսել Սասունիկի, Օհանավանի և Հնաբերդի դպրոցների հիմնանորոգման կամ 0-ից կառուցման ծրագրերը։ Գեղադիրի և Գեղարատի դպրոցներում նախատեսում ենք բացել նախակրթարան, Աշտարակի շրջանի 5 համայնքների դպրոցներում նախատեսում ենք կառուցել ջերմոցեր, 2019 թվականին արդեն իսկ կառուցվել է 1 ջերմոց»։
Դավիթ Գևորգյանը նշեց, որ մարզի բոլոր հիվանդանոցներում 6 նոր ծառայություն է ավելացել 2019 թվականի ընթացքում։ 2020 թվականի համար նախատեսվում է բուժհաստատություններում ևս 9 նոր ծառայություն իրականացնել։
«Սա շատ կարևոր է, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ինչ-որ ծառայությունների համար գալ և հասնել Երևան։ Այս տարի 125 սոցիալապես անապահով ընտանիքների անվճար բուժօգնություն կտրամադրվի, իսկ 2019-ին այդ թիվը եղել է 106։ Արտենիի առողջական կենտրոնը նոր սարքավորումներ է ստացել, և արդեն դրանցով ևս ծառայություն կմատուցվի բնակչությանը։ Այստեղ կան սարքավորումներ, որոնք մարզի մի շարք հիվանդանոցներում չկան»,- ասաց Գևորգյանը։
Գևորգյանն ասաց նաև, որ մարզի 3 ծննդատներ 2020 թվականի հունվարի 1-ից չեն ֆինանսավորվում, և Ապարան խոշորացված համայնքի Արագած վարչական շրջանի ծննդատան փակումն, ըստ մարզպետի, ամեաարդարացվածներից է.
«Եթե Ապարանում կա վերանորոգված, բավականին լավ սարքավորումներով համալրված հիվանդանոց, ապա պետբյուջեից սնվող երկրորդ առողջական հաստատություն ունենալը արդարացված չէ։ Մենք քննարկում ենք տարբերակը, որ Արտենիում ունենանք շտապ օգնության անձնակազմ, որպեսզի վերջինս հիվանդներին շատ արագ տեղափոխոի Թալին։ Իսկ Ծաղկահովտում 2020-2023 թթ. ընթացքում կառուցվելու է նոր առողջության կենտրոն»։
Արագածոտնի մարզպետարանն ունի մասնագետների խնդիր, քանի որ շատերը տրամարդվող աշխատավարձի դիմաց չեն ցանկանում գալ և աշխատել։ 180 հազար դրամ աշխատավարձով, ըստ մարզպետի, լուրջ իրավաբանը չի ցանկանում մարզպետարանում աշխատել, այդ իսկ պատճառով, երկար տարիներ այդ հաստիքը ազատ է։
Նա նշեց, որ մարզում առանձնացվել են 20 բիզնես ծրագրեր։
«Դեղերի արտադրության ծրագիր ունենք, շուրջ 20 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Ջերմոցային տնտեսություններն են շատ ակտիվ զարգանում, օրինակ՝ գինեգործությունը։ Աշտարակի շրջանի Սասունիկ և Օշական համայնքները բավականին գրավիչ են շարունակում մնալ գինեգործների համար։ Նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2 նոր փոքր գինու գործարաններ ստեղծելու համար։ Եվ մենք առաջարկել ենք տարածքներ։ Նաև ճանապարհաշինական բումը բերեց արդյունք, 2 գործարարներ էլ ցանկություն են հայտնել ասֆալտի գործս սկսել այստեղ»,- ասաց Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ավելի հեշտ է նոր դպրոցներ կառուցել, քան՝ հինը վերանորոգել»
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները