Թիվ 52 դպրոցում ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել, քաշքշել է ուսուցչին
Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցում ուշագրավ միջադեպ է եղել, նախ ուսուցչին փորձել է ապտսկել աշակերտի հայրը, ապա երեկ՝ աշակերտնեեի ներկայությամբ ուսուցչին ապտակել, քաշքշել է մայրը։
Տեղի ունեցածի ու նախորդող դեպքերի մասին հայտարարություն են տարածել ուսուցիչները․ «Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը:Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է:
Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով: Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաև ոստիկանություն: Այս օրերի ընթացքում երեխան դպրոց չի հաճախել: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը արել են հնարավոր ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու և նորմալ դասապրոցեսում ընդգրկելու համար:
Այսօր՝ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն:
Վերջինս խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում: Հավելենք, որ տվյալ ուսուցչուհին շուրջ 30 տարի դասավանդում է նույն դպրոցում , այդ թաղամասի բնակիչ է և նույնիսկ դպրոցից դուրս նրա անվտանգությունը ապահովագրված չէ: Դպրոցը դիմել է պատկան մարմիններին, բայց ուսուցչական կոլեկտիվը անհանգստացած է. ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի խաթարված հեղինակությունը: Խոսքը միայն մեկ ուսուցչի մասին չէ, այսօր ուսուցչի շահերը անպաշտպան են բոլոր առումներով:
Հ. 52 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմ»։