Երևանի փոխքաղաքապետը՝ թիվ 52 դպրոցում գրանցված միջադեպի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն առավոտյան այցելեկ է թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:
«Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են արել և բռնության փաստը չի հաստատվել:
Զրուցեցի նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:
Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետը: