Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հրամանագիրն ու սահմանափակումները տարածվում էին միայն Երևան քաղաքի վրա։ Սա է հրամանագրի բովանդակությունը»,- դատարանում իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ արձագանքելով մեղադրող դատախազի խոսքին։
Խոսքը 2008-ին հայտարարված արտակարգ դրության մասին է։
Երկրորդ նախագահը հարց հնչեցրեց՝ հնարավո՞ր է հազարից ավելի համայնքներ ունեցող երկրում միայն մեկ համայնքում մտցված սահմանափակումները դիտվեն իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում։
«Դուք արդեն, այսպես ասած, Ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք, և ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ, պատասխանը պարզ է»,-նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանը նաև արձագանքեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվում էր նախագահին։
«Ես կարծում եմ, որ իրավաբանը երևի պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ Սահմանադրությամբ նախագահը չուներ։ Ուղղակի ծանոթացեք այդ սահմանադրությանը։ Ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրությունը, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով, և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ հասարակական կարգի և այլն, և այլնի հետ կապված։ Դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։ Ուղղակի ծանոթանան Սահմանադրությանը, ավելի լավ պատկերացնեն, թե ինչ կարգավորումներ են աշխատել այն ժամանակ։ Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնելը։ Կրկնեմ, չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որը հետևում է այս դատական գործընթացներին, և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքին հետևեցին ծափահարություններ։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց՝ միջնորդությունների քննարկումն ավարտված է, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դրանց վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու համար։ Այն կհրապարակվի մարտի 3-ին ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
- ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
- Ալումյան. Գնալով ավելի ակնհայտ դառնում բոլորի համար, որ Քոչարյանի գործով առկա է քաղաքական հետապնդում
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան