Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրի է ժամանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ ընթանում է նրա գործով առաջին դատավարությունը:
Նրան դատարանի մոտ հավաքված աջակիցները դիմավորեցին ծափողջյուններով:
Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը: Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու: Շատ շնորհակալ եմ: Հաշվի առնելով, իրոք, եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին:
Աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր: Շատ շնորհակալ եմ: Մինչ նոր հանդիպումներ»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարությունները հերյուրանք որակեց
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին
- Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան