Վիվա-ՄՏՍ. Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ
Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍից:
1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, շատերի նման, այս ընտանիքը ևս մնացել է անօթևան։ Վագոն-տնակում երկարուձիգ տարիների կյանքը «պարտադրվել է» Եդիգարյաններին: Ընտանիքի տատը՝ Թամարան, անցել է շատ դժվարությունների միջով։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է որդիներից մեկին, իսկ երկրորդը զոհվել է Արցախյան պատերազմում։ Թամարայի երրորդ որդին էլ առողջական խնդիրներ ունի։
Վագոն-տնակում տարիների դժվար կյանքից հետո, Եդիգարյաններին հաջողվել է բնակարան գնել, սակայն սոցիալական և առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով՝ չեն կարողացել վերանորոգել այն ու կեցության պատշաճ պայմաններ ստեղծել։
2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքի՝ տարիների երազանքն իրականություն է դարձել:
«Այսքան դժվարություններից և տառապանքից հետո, կարծես մի լույս բացված լինի։ Նոր հույսերով և հավատով ենք նշում մեր նոր տան բնակարանամուտը։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասել է Թամարան։
«Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է բոլորին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջև դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլևս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է կարևոր նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաև, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար կարևոր է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված տուն։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»
- Վիվա-ՄՏՍ. 2019թ.-ի կատարված հարկային պարտավորությունների մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ
- Վիվա-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր
- Վիվա-ՄՏՍ-ը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի
- ՎիվաՍել-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը
- ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան