Հանրաքվեի շրջանակներում դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:
Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկման արդյունքների և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում:
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազների առջև խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում:
Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան