Բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի և բժշկական դիմակի թանկացում լինի. Զեյնալյան
«Իրանում կորոնավիրուսի տարածումը ամենօրյա ռեժիմով վերլուծության էր ենթարկվում մեր կողմից, և ի վերջո որոշվեց 2 շաբաթով ՀՀ-ԻԻՀ սահմանը մասնակի փակել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նրա խոսքով, այս պահին Հայաստանում կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել, իսկ հասարակության շրջանում առաջացած խուճապը շատ ավելին է, քան իրականում պետք է։
Պատգամավորը նշեց, որ վիրուսի տարածման ռիսկեր, բնականաբար կան, բայց այս պահին արվում է առավելագույնը դրանից խուսափելու համար։
«Իրան-Հայաստան սահմանին կա բժիկ, կա մեկուսարան, որը կօգտագործվի անհրաժեշտության դեպքում։ Բեռնափոխադրում իրականացնող վարորդները հսկվում են, հետազոտվում են, եթե պետք լինի նաև կհոսպիտալացվեն և կմեկուսացվեն»,- ասաց Զեյնալյանը։
Հարցին, իսկ եթե հիվանդության գաղտնի փուլում է քաղաքացին ստուգման ենթարկվում, և միայն ՀՀ մուտք գործելուց հետո է հայտնի դառնում, որ նա վարակված է կորոնավիրուսով, ի՞նչ է արվելու այդ դեպքում, Զեյլանյանը պատասխանեց՝ մի բան է վերահսկել ընդամենը 1-2 վարորդի, այլ բան՝ վերահսկել 1000-ավոր քաղաքացիների։
«Ճանապարհները բաց են Հայաստանում գտնվող իրանցիների և Իրանում գտնվող հայաստանցիների համար, և այս դեպքում վերահոսկողությունը շատ ավելի բարդ կլինի, քան եզակի անձանց դեպքում։ Բայց այս պահին յուրաքանչյուր անձի զննումն իրականացվում է, տաքությունն են ստուգում, եթե հարբուխի կամ այլ նշաններ կան, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, անձն անմիջապես հոսպիտալացվում է և ստուգվում է փաստը՝ առկա է արդյոք կորոնավիրուս, թե ոչ»,- տեղեկացրեց Զեյնալյանը։
Ըստ պատգամավորի, 2 շաբաթն այն կրիտիկական ժամանակահատվածն է, որից հետո կարող ենք 100 տոկոսով փաստել, որ սահմանները փակ լինելու պայմաններում վիրուսի ներթափանցում տեղի չի ունենա.
«Սահմանի փակումը ժամանակավոր է, քանի որ ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում։ Եթե անհրաժեշտ եղավ, սահմանը կշարունակի փակ մնալ, հակառակ դեպքում՝ կբացվի»։
Դիտարկմանը, որ կորոնավիրուսի տարածմամ ֆոնին, հայաստանյան դեղատներում թանկացել է հակաբիրուսային դեղահաբերն ու բժշկական դիմակները, Զեյնալյանը արձագանքեց՝ չհիմնավորված խուճապի հետևանքով դեղատներում բժշկական դիմակներ չկան.
«Քաղաքացիները բժշկական դիմակներ են պահեստավորում իրենց տներում։ Դա բացարձակ անիմաստ է, բացի այդ, դիմակը վարակվելուց 100 տոկոս զերծ չի պահում։ Բնականաբար հետևում ենք իրավիճակում, ունենք բավականաչափ պահեստավորված դիմակներ։ Նաև բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի և բժշկական դիմակի թանկացում լինի»։
Հարցին, եթե այնուամենայնիվ Հայաստանում գրանցվի կորոնավիրուսի դեպք, մասնագետները պատրաստ կլինե՞ն ընդունել հիվանդներին, Զեյնալյանը պատասխանեց՝ այս պահին ամեն ինչ արվում է։
«Կորանավիրուսից մահացության տոկոսը 2.7 է, բավականին շատ են նաև ապաքինման դեպքերը։ Հիմա քննարկվում են բոլոր սցենարները։ Եթե նույնիսկ Հայաստանում հայտնաբերվի վիրուսակիր, կա սխեմա, թե ինչ է արվելու, ինչպես է արվելու, քաղաքացին որտեղ է մեկուսացվելու։ Այդ ամենը քննարկման փուլում է։ Այս պահին ամեն ինչ արվում է»,- եզրափակեց խոսքը Նարեկ Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
- Պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել. Վանյան
- Բժշկական դիմակներ չկան ու չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան