Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար
Նախօրեին՝ փետրվարի 24-ին, աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը նվազել է մոտ 139 միլիարդ դոլարով` ԱՄՆ-ում և այլ երկրներում բաժնետոմսերի առևտրի ցուցանիշների զգալի անկման պատճառով: Նման գնահատականները, ինչպես գրում է Tass-ը, հրապարակել է Bloomberg-ը:
Նշվում է, սրանք ամենամեծ թվով կորուստներն են այս վարկանիշում ընդգրկված անձանց համար այն պահից, երբ գործակալությունը սկսեց նման դիտարկումներ իրականացնել 2016-ի հոկտեմբերից:
Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն և Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, յուրաքանչյուրը կորցրել է 4,8 միլիարդ դոլարից ավելի, քան ցանկի մյուս գործարարները: Բեզոսը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդն է:
Իսպանական Zara մանրածախ ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի ունեցվածքը նվազել է 4 միլիարդ դոլարով, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգինը՝ 3,48 միլիարդ դոլարով, իսկ Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջինը՝ 2,7 միլիարդ դոլարով:
Գործակալության գնահատականների համաձայն, ռուսական միլիարդատերերից վերջին 24 ժամվա ընթացքում ամենաշատը կորցրել է «Лукойл»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը: Նրա ունեցվածքը նվազել է 1,21 միլիարդ դոլարով, երկրորդ տեղում է «Новатэк»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (692 միլիոն դոլար), երրորդ տեղում է «Лукойл»-ի փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը (508 միլիոն դոլար):