Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Ս.Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին։ Նա խնդրեց պետական իրավասու մարմիններից պահանջել այդ տվյալները և կցել գործի նյութերին։
«Դատաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է այս գործում, բազմաթիվ են խախտումները, ես կդժվարանամ նաև հաշվել, թե իմ ներկայացրած քանի միջնորդություն է մերժվել: Այդ խախտումներն ավարտվեցին մեղադրական եզրակացության կազմամբ, հիմա էլ չի ներկայացվում պարոն նախագահի անցյալը։ Ինչո՞ւ չի նշվել, որ Հայաստանի երրորդ նախագահը 1989-1993 թվականին ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, 1993-95 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, քննիչը մոռացե՞լ է, որ 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայի սխեմայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Կարևոր չէ՞ որպես Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հանգամանքը նշել, որ 1994 թվականին զինադադարը ստորագրվել է Սերժ Սարգսյանը: Ինչու այդ հանգամանքը կարևոր չէ՞: Շատ կարևոր է, դատարանի համար էլ է կարևոր:
Սերժ Սարգսյանը 14 տարի անընդմեջ պատասխանատվություն է կրել Հայաստանի սահմանների պաշտպանության համար, իսկ 2008-18 թվականներին նախագահ հանդիսանալով՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, ինչի մասին որևէ նշում ևս չկա: Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանը 24 տարի պատասխանատվություն է կրել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»,- ասաց Ա. Մակինյանը։
Այնուհետև Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկ հայտնեց
սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին:
«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի:
Պարոն Մարտիրոսյանն այն դատախազը չէ, կամ գիտությամբ զբաղվող այն անձը չէ, որ լավ չպատկերացնի այսպիսի մեղադրանքների վտանգավորությունը: Կարելի է ենթադարել, որ հող է նախապատրաստվում ստեղծել վախի մթնոլորտ յուրաքանչյուր պաշտոնյայի կամ քաղաքացու համար, այն է ցանկության դեպքում իշխանությունը կարող է դատապարտել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա առանց բավարար ապացույցների համակցությամբ: Հավատացեք, լավ ճանապարհ ընտրված չէ»,- ասաց պաշտպանը:
Ռ.Հակոբյանի ներկայացմամբ, առերեսումները կատարվել են քննչական գործողության դատավարական կարգի բազմաթիվ խախտումներով, հարցաքննությունների ընթացքում քննիչը տվել է ուղղորդող, ցանկալի պատասխանը հուշող հարցեր, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել, մեղադրական եզրակացությունը կազմվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, որը հաստատվել է դատախազի կողմից:
«Բացառում եմ, որ դատախազ Մարտիրոսյանը հիշյալ խախտումները չի նկատել: Հռետորական հարց է առաջ գալիս՝ կարող է արդյոք նման բնույթի, այդ քանակի խախտումների վրա աչք փակած դատախազն այդ նույն գործով օբյեկտիվ, անկողմանալ, անաչառ և անկախ մեղադրող լինի: Մեզ համար պատասախանն ակնհայտ է:
Դատախազի այդ մոտեցումները պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած են հարուցում տվյալ քրեական գործով ապօրինաբար ամբաստանյալի դատավարական կարգավիճակում գտնվող Հայաստանի երրորդ նախագահի վերաբերյալ նրա անկողմնակալության ու անաչառության վերաբերյալ:
Նման դիրքորոշումը բացառում է մեղադրող Մարտիրոսյանի հետագա մասնակցությունը սույն քրեական գործով վարույթին որպես մեղադրողի: Վերոգրյալի հիման վրա կոչ եմ անում սույն քրեական գործով ապօրինի մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտարարել ինքնաբացարկ, ինքնաբացարկ չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին»,- հայտարարեց Ս.Սարգսյանի պաշտպանը:
Դատախազն իր խոսքում նշեց, որ պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ հանգամանք, որը կվկայի իր կողմնակալության մասին, վկայի այն մասին, որ իր կողմից իր դատավարական լիզորությունների իրականացումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների շրջանցմամբ կամ խախտմամբ, կամ այլ անձանց ցանկությունները բավարարելու նկատառումներով:
«Նմանատիպ հանգամանքներ առկա չեն: Ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսնում, չեմ հայտնում ինքնաբացարկ: Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի ներկայացված բացարկի միջնորդությանը, գտնում եմ անհիմն է, ենթակա ամբողջությամբ մերժման»,- ասաց դատախազ Ա.Մարտիրոսյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 26-ին ժամը 15:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին
- Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել
- Փաստինֆո. Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել
- Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին