Արթուր Վաղարշյան. ԵՊՀ-ն տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ.
գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին և հանդես եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այդ օրը հրավիրված նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին
2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության
հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի
հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան»
հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված
աշխատանքների կատարողականի հաստատում:
Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական
համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և
ծախսերի կատարողականի մասին հաղորդում:
Սակայն Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Ընդ որում՝ նիստին ներկա չէին ինչպես համալսարանականներ, այնպես էլ լիազոր մարմնի կողմից առաջադրված և ԵՊՀ գործընկեր գործատուներ համարվող անդամներ: Բացի դրանից՝ իրենց ներկայությունը չէին ամրագրել նաև ուսանող անդամները՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատման վերաբերյալ:
Տապալված նիստից հետո Արթուր Վաղարշյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մոտ մեկ տարվա գործընթացներում փորձել եմ գործել հանուն օրինականության և համալսարանի: Երբ որ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մրցույթը, ցանկանում էի մասնակցել մրցույթին։ Փորձեցի գնահատել աշխատանքային գրաֆիկս կես տարվա կտրվածքով, հասկացա, որ այն բավականին բարդ է` ծանրաբեռնված հաստիքային աշխատանք, շվեդական համալսարանի հետ համատեղ անգլերեն մագիստրատուրա բացելու բանակցային գործընթաց, բովանդակային լրիվ նոր մագիստրոսական ծրագրի մշակում, և այդ ամենը պետք է իրականցվեր մինչև ամառ:
Հասկացա, որ կձախողեմ: Հանրապետական քաղաքական իրավական գործընթացնե՞ր, թե՞
համալսարան: Ես ընտրեցի համալսարանը: Սակայն հիմա՝ այս հետաքրքիր օրը, 20.02.2020 թվականին, ինձ պարտված եմ զգում: Պարտված, որովհետև համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը` մեկ տարվա ընթացքում չկարողանալով կենտրոնանալ հավակնություններ ունեցող համալսարանական մեկ թեկնածուի վրա, առաջադրել նրան: Տանուլ տվեցին նաև իշխանությունները, որովհետև նրանք մեկ տարվա ընթացքում չկարողացան ներկայացնել մեկին և հստակ ասել` նա է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն:
Ինչու իրադարձություններն այսպիսի ընթացք ստացան: Շատ տեղեկացված չեմ, որովհետև խորհրդի եզակի անդամներից եմ, ում հետ ոչ մի ներհամալսարանական և արտահամալսարանական ուժ չի փորձել երբևիցե բանակցել: Դա մի կողմից լավ էր, որովհետև պահպանել եմ իմ ինքնուրույնությունը: Սակայն մյուս կողմից էլ հայտնվեցի բոլոր` և՛ դրսի, և՛ ներսի ուժերի թիրախում:
Գործընթացները դուրս են եկել իրավական հունից: Ո՞րն է ապագան: Կարծում եմ`
գործընթացները գնալու են անկառավարելիության էֆեկտի ստեղծմանը, որն ունի
երեք ելք:
Եթե Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտին չմնար մեկ ամիս, հրաժարական կտայի: Հաջորդ կազմին չեմ ցանկանում մասնակցել: Չեմ հարգում մարդկանց, որոնք սիրում են իրենց համալսարանում, այլ ոչ թե համալսարանն իրենցում: Մարդկանց, որոնք ոչինչ չեն արել համալսարանի համար, բայց պահանջում են անվերջ, մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի գույն են ընդունում»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ՈՒԽ նախագահ. Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա
- ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին