Տնօրեն. «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն
Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել է: Երեխաների ճակատագրի և առկա խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է հաստատության 16 տարվա ղեկավար Սոնյա Սիմոնյանի հետ:
Սոնյա Սիմոնյանը սկզբում չէր ցանկանում խոսել. «Ի՞նչ ասեմ ... Այնքան ցուրտ է մեզ մոտ, մինուս է, չեմ կարողանում նույնիսկ կանգնել... Պարտքերը մնացել են, աշխատավարձի պարտքերը չենք փակել, մատակարարի պարտքերը չենք փակել, ոչ ոք մեզ չաջակցեց, ինչ սպասելիք ունեինք՝ բոլորն ի չիք դարձան»,- նշել է նա:
Դպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է 2019-ի հունիսից, կուտակվել է աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի ու երեխաների սննդի մեծ պարտք։
«Բարերարներն ի՞նչ անեն. գրել էր, որ ուրիշ տեղեր է անելու բարեգործություններ: Երևի, ավելի դժվար է գումար հավաքել, այդքան տարի պահել, հիմա չի կարող: Բարեգործությունն այդպես է՝ այսօր կա, վաղը չկա»,- ասել է Սոնյա Սիմոնյանը:
Հարցին հաստատությունն ընդհանրապես չի՞ գործում, նա պատասխանել է. «Այլևս չի գործում, ինչպե՞ս գործի, եթե ոչ մի գումար չներդրվեց, գումարի պարտքն էլ չփակվեց, ինչի՞ հաշվին գործի: Պետության ռազմավարությունն էլ գիտեք՝ գնում է գիշերօթիկ հաստատությունների փակման գործընթաց: Մեր քաղաքում ևս մեկ գիշերօթիկ է փակվել, այնպես որ, այդ ռազմավարությանը համահունչ իրականացվում է, իհարկե»:
Սոնյա Սիմոնյանի խոսքով՝ եթե գումար կարողանան հայթայթել նոր կառույց նոր կարգավիճակով հնարավոր կլինի ստեղծել. դա կլինի ցերեկային կենտրոն:
«Շատ-շատ տխուր պատկեր է, որ դպրոցը չկա, թաղամասը նորից մութ ու խավարի մեջ է հայտնվել, երեխաները դպրոց չունեն, խմբակներ չունեն, մինչև քաղաք ոչ բոլորը կարող են գնալ: Խիստ անհրաժեշտ է, որ այս շենքում գործի հանրակրթական դպրոց, դա կլինի պետական, թե բարեգործական, չեմ կարող ասել, բայց ապագան այդպես եմ տեսնում: Նորից այդ երեխաներին թողնել տնակներում ճիշտ չէ»,- ընդգծել է նա:
Հարցին՝ հաստատությունում կայի՞ն երեխաներ, որոնք ընդհանրապես ծնողներ չունեին, ի՞նչ եղավ նրանց ճակատագիրը, վերջինս պատասխանել է. «Իրենց տեղափոխել ենք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», որովհետև հիմա միայն այդ հաստատությունն է գործում մեր քաղաքում, դա էլ գործելու է մինչև հունիս ամիսը: Հետո, երևի, ճգնաժամային կենտրոն կլինի մարզում, չգիտեմ: Սա ներկա դրությունն է. երեխաներ կան, որոնք վերադարձի տեղ չունեն, խնդիրը խոցելի խումբն էր, մենք 31 այդպիսի երեխա ունեինք»:
Դիտարկմանը՝ Կառավարությունը պատճառաբանում է, որ գիշերօթիկները լուծարվում են, որ երեխաները վերադառնան ընտանիք, Սոնյա Սիմոնյանն ասել է՝ ճիշտ կլիներ, որ հակառակ ուղղությամբ սկսվեր այս ամեն ինչը.
«Իհարկե, լավ նախաձեռնություն է, և որ երեխան պետք է մեծանա ընտանիքում, դա միանշանակ է: Բայց պետք է հզորացնել ընտանիքը, ստեղծել այդ ընտանիքը, լուծել ընտանիքի սոցիալական հարցերը, լուծել հազար ու մի խնդիրներ: Այսինքն՝ պետք է ուժեղանա ընտանիքը, իսկ երեխային տեղափոխելը պարզապես մի քայլ էր, որը շատ արագ և անցավ կարելի էր անել»:
Միևնույն ժամանակ հաստատության տնօրենը նկատել է, որ եթե երեխան ընտանիք ունենար չէր հայտնվի գիշերօթիկ հաստատությունում, ուստի այս քայլը հապճեպ արվեց:
Ինչ վերաբերում է ցերեկային նոր խնամքի կենտրոններին, որոնք պետք է փոխարինեին գիշերօթիկ դպրոցներին, վերջինս շեշտել է, որ խնամքի կենտրոններ կային, բայց խնամքի կենտրոններում երեխան միայն ցերեկն է լինում կամ դպրոցից հետո դասերն է գնում պատրաստելու:
«Միևնույնն է՝ հոգսը շատ մեծ է: Երեխաների որոշակի խումբ կա, որոնք վերադառնալու տեղ չունեն ու միայն մեր կառույցին չի վերաբերում, որ նման երեխաները դուրս են մնացել, ընդհանարապես, խնդիրը ամբողջ հանրապետությունում է ի թիվս մեր մարզի: Նախ՝ այդ հարցը պետք է լուծվեր՝ խնամատար ընտանիքիներ գտնվեր, կենսաբանական ընտանիքները հզորացվեին, ուժեղացվեին, ոտքի կանգնեցվեին, ծնողն աշխատանքով ապահովվեր, կամ ինչ-որ հարց լուծվեր այդ ընտանիքի համար, որ ի զորու լիներ իր երեխային վերցներ պահեր, դա էր, ըստ ինձ, ճիշտ ճանապարհը»,- ընդգծել է նա:
Սոնյա Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ հաստատության 49 աշխատակից մնացել է գործազուրկ, իսկ կենտրոն հաճախող երեխաների թիվը վերջին անգամ 81 է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ն. Սարգսյան. Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն ուղարկում, տալիս 77-ամյա խնամքի կարիք ունեցող կնոջ խնամակալությանը
- Էսօր նորից մեծ աղմուկ կլինի, թե կառավարությունը փակում է մանկատներն ու գիշերօթիկ դպրոցները. վարչապետ
- Բաց նամակ վարչապետին ՝ Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության անձնակազմի անունից
- Ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները. ԲՀԿ պատգամավոր
- Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան