Հովհաննես Խուդոյան. Դատավոր Դանիբեկյանն այս պարագայում շատ քիչ բան ունի որոշելու իր համար
«Քրեական գործի կարճումը ենթադրում է, որ դատավորի ինքնաբացարկի հարց չի կարող քննվել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրենց հետագա անելիքների ու ներկայացվելիք միջնորդությունների մասին հարցին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։ Ակտը կհրապարակվի մարտի 3-ին։
Խուդոյանն ասաց, իրենք պատրաստվում են դատարան ներկայացնել միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանք նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև ինքնաբացարկ հայտնել դատավոր Դանիբեկյանին։
«Իհարկե, առաջ չընկնենք, սպասենք, տեսնենք, այս միջնորդութունը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, տիկին Դանիբեկյանն ինչպես է քննելու, որովհետև գործի կարճումը ենթադրում է, որ ինքնաբացարկի հարց չի կարող քննարկվել։ Այս դեպքում կարծիք ունենք, որ կարող է նման դատական ակտ կայացվի»,- նկատեց փաստաբանը։
Ակնկալիքը Խուդոյանը պայմանավորում է հանգամանքով, որ հասել են մի փուլի, երբ այդ միջնորդությունը քննարկվել է, մինչդեռ նախկինում դատարանը տարբեր կազմերով փորձ է արել խուսափել դրա քննարկումից։
«Սա վերջն է, այս դեպքում տիկին Դանիբեկյանը շատ քիչ բան ունի որոշելու իր համար, շատ քիչ հարցերի պետք է պատասխանի։ Ինչպես խոսքումս էլ նշեցի, սա այն սահմանն է, որը հատելով, մենք դուրս ենք գալիս ցանկացած իրավական գործընթացից։ Թեև նշել ենք, որ պրոցեսն ընդհանուր առմամբ ապօրինի է, բայց սա ամենավերջին քայլն է լինելու»,- ընդգծեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Բաղդասարյան. Չեմ կարող գնահատել նախկինում մեղադրանքից հրաժարվելու օրինականությունը կամ անօրինականությունը
- Հայկ Ալումյան. Խնդրում ենք, Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես նրա նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին