Դատարանում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին նիստը։
Այս գործով մեղադրանք է առաջադրված գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Նրան դատարանում դիմավորեցին «ամոթ» վանկարկելով: Նշվում է, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել հենց Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
Քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից ու Սերգո Կարապետյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ,իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։
Սամվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ․ ապրիլի 14-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։
Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
- Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
- Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
- Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան
- Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարությունները հերյուրանք որակեց
- Սերգո Կարապետյանի անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու. Քաղաքագետ
- Արթուր Դանիելյան.Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա