ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատանքի. ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ներկա է գտնվել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի բաժինը:
Իր բացման խոսքում Գեղամ Գևորգյանը կարևորել է պետական մարմինների և հանրային հատվածի, մասնավորապես հասարարակական կազմակերպությունների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մասնագիտական հանրույթի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ բանավեճը մշտապես հանգեցնում են առավել լավ վերջնարդյունքի, որից շահում է քաղաքացին, բիզնեսը և պետությունն ընդհանրապես:
ՏՄՊՊՀ նախագահն այս համատեքստում տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները և ստեղծել երկխոսության ևս մեկ հրապարակային հարթակ՝ այդ համագործակցությունը դարձնելով առավել ներառական և արդյունավետ:
«Տնտեսական մրցակցության ընկալման հարցում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի՝ որպես մարմնի վերաբերյալ, հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ունենք իրականացնելու»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում առաջնահերթ որդեգրել է «չվնասելու» սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատել տնտեսավարողների և հանրության լայն շերտերի հետ:
Հետազոտությունը կատարվել է ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ՀՀ-ի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներ են անցկացվել ձեռնարկությունների միավորումների, բիզնեսների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: