Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը
«Այո»–ի` արդեն իսկ հայտնի դարձած նկարը «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 23-ի համարի շապիկի նկարն է։ 1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»-ի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Ստյոպա Նարոյանն է։ Նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է 1991թ.–ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ներկայացվել էր սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը: Դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ են անում ու լուսանկարներ հրապարակում` նշելով, որ 1991 թվականին նմանատիպ լոգո է եղել:
«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով հենց Նարոյանն է հեղինակը»,–ասել է Ենգիբարյանը։
Նա հայտնել է նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։
Ցոլակ Ղանդիլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ ինքը չէ նկարի հեղինակը։ Այսինքն` ստացվում է, որ Նարոյանն է հեղինակը։
«Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ։ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` եթե ապացուցվեց, որ կրկնօրինակն է, ՔՊ-ն հայտարարությամբ հանդես կգա։