ԵԱՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան
«Ոչինչ չի խանգարում Հայաստանին քաղաքականապես ինտգրվել ԵՄ-ին» ,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հարցին։
Վերջինս հետաքրքրվում էր՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ն չի խանգարի Հայաստանին ինտեգրվել ԵՄ-ին։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը պետք է ունենա այն կառույցները, որոնք պետք են ժողովրդավարության կայացման համար։ Որպես օրինակ, պատգամավորը ներկայացրեց իշխանության տարանջատման համար անհրաժեշտ փոխզսպման մեխանիզմները։
«Էն ամենն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, քաղաքական համակարգին, մենք կարող են ԵՄ-ից վերցնել և կիրառել։ Դա որևէ ձև չի հակասում տնտեսությանը։ Բայց ես կարծում եմ նաև, որ ի վերջո, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն գալու են ընդհանուր մեկ համագործակցության գոտի, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ն է կամ ԵԱՀԿ-ն։ Այստեղ ՀՀ քաղաքական զարգացումը չի խանգարում տնտեսական ինտեգրմանը»,- ասաց Սիմոնյանը։
Պատասխանելով Ստեփան Գրիգորյանի հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարությունը մշակելիս կարևորագույն հարցերից մեկը ինտեգրացման բոլոր գործընթացները հաշվի առնելն է։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ կոնֆլիկտային դրույթ առ այսօր չի բացահայտվել, որով ԵՄ ինտեգրմանը կարող է ԵԱՏՄ-ն խանգարել։ Իրականության մեջ մեր գնահատմամբ ԵԱՏՄ ստանդարտները՝ տնտեսական զարգացման ֆինանսական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հարցով, զուտ ժամանակին ճիշտ մակադակին հասնելու խնդիր ունեն, այլ ոչ տնտեսական կոնֆլիկտ։ Էդ իմաստով ես կարծում եմ, որ մի օր ԵԱՏՄ-ն էլ է ռազմավարական խնդիր դնելու, որ իր տարածքում գործեն այնպիսի ստանդարտներ, որոնք համահունչ են եվրոպական ստանդարտներին»,- եզրափակեց խոսքը Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանը հույս ունի ԵՄ-ից 65 մլն եվրոն գերազանցող աջակցություն ստանալ»
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտվել է ԵՄ 22 երկրում. Ադոնց
- Բերման ենթարկման գործընթացում ինձ մտահոգում են «մասկի շոուները». Զոհրաբյան
- 2018թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 4800 քաղաքացի