«Ժողովուրդ». Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Եվ, ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում:
Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երևում է, որ մարդկանց պառկեցնում են չոր ասֆալտին և տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ այնտեղ այդ օրերին առատ ձյուն էր: Չի բացառվում, որ ոստիկանությունը նախկին կադրերն է օգտագործում` ցույց տալու, թե գործ է անում: Օրերս էլ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում ոստիկանության գործողություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդպես է պատկերացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: «Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել, քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի: Ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորությունները իրականացնում», - նշեց նա` դժվարանալով ասել, թե օրենքի ընդունումից հետո քանի քրեածին տարր է դարձի եկել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։