«Հրապարակ». «Հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սևազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու և իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երևանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։
«Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Տրվել է կառավարության որոշմամբ՝ կառավարությունը նման իրավասությամբ օժտված չէ՞։ «Անկեղծ ասած` կառավարությունն ում ցանկանա, կարող է գումար հատկացնել, բայց դա քաղաքական քայլ էր` իմ կարծիքով, որովհետև հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա։ Խնդիրն այլ տեղ է. եթե Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցել են որպես հանցագործությունից տուժածների, ուրեմն պետք է այն տարածվի հանցագործություններից տուժած բոլորի վրա»:
Բոլորի` ո՞ւմ։ «Ցանկացած հանցագործության, որի հետևանքով մարդ է սպանվել, պետք է կառավարության կողմից տրվի փոխհատուցում, և նորմը պետք է կիրառվի բոլորի վրա` անխտիր, բացառվի խտրականությունը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում