ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ծրագրի համար կոչ է անում հատկացնել կես միլիարդ դոլար
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում 500 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն հատկացնել Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբի գավառում պատերազմի պատճառով պաշարման մեջ հայտնված քաղաքացիական 1 միլիոն 100 հազար անձանց համար:
Այս գավառում ներկա պահին երեք միլիոն մարդ է բնակվում: Վերջին երկու ամիսների ընթացքում իրենց տներից հեռացել է բնակչությունից 900 հազարը: ՄԱԿ-ում Սիրիայի ճգնաժամի հարցով մարդասիրական օգնությունների բաժնի ղեկավարի տեղակալ Մարք Քաթսի խոսքերով, Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում սկսված գործողությունների արդյունքում են մարդիկ այստեղից հեռանում դեպի Թուրքիայի հետ սահմանը: Քաթսն այս իրավիճակն անվանում է «ճգնաժամային»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մարտերն այժմ մոտենում են այս հատվածներին, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում վրաններում ու ժամանակավոր այլ կացարաններում: Ու եթե օդային գրոհներն ու ռմբակոծությունները խորանան դեպի այս տարածքները, անկասկած կսկսվի արյունահեղություն ու քաղաքացիական անձանց իրական սպանդ», ասել է նա:
Սիրաիայի քաղաքացիական ինը տարի շարունակվող պատերազմին զոհ են գնացել հարյուր հազարավոր մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի, 12 միլիոն մարդ տեղահանված է, 6.5 միլիոն մարդ հեռացել է երկրից: Ինչպես ՄԱԿ-ի ներկայացուցիչն է ասում, Սիրիայում դատարկվել են ամբողջ քաղաքներ ու գյուղեր, կործանվել ու փլուզվել են մեծաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, գործարաններ, ջրի զտման կայաններ:
ՄԱԿ-ն այս պահին ունի մարդասիրական զանգվածային գործողություններ սկսելու ծրագիր, սակայն արտակարգ իրավիճակը չի տալիս այն ուժի մեջ մտցնելու հնարավորություն: