Սուրեն Պապիկյան. Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը քարոզչությունը նախատեսել է իրականացնել մի քանի շերտով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Նա հայտնեց, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ին, կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ:
Պապիկյանն ասաց, որ գործադիրի այն անդամները, որոնք կմեկնեն արձակուրդ, կմասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև աշխատանքային ժամերից դուրս, ԱԺ պատգամավորները նույնպես, հիմնականում մարզերից ընտրվածները, քարոզչություն կիրականացնեն այդ մարզերում:
Նա նշեց, որ իրենց քարոզչական խումբն ամեն օր 10 մարզերում կայցելի գյուղից գյուղ, կշփվի մարդկանց հետ, զրույց կունենա, կբացատրի սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, էությունը, քաղաքական ենթատեքստերը: Մարտի 10-ից քարոզչական մեկ այլ խումբ ևս կսկսի շրջայցը, կլինեն Հայաստանի բոլոր քաղաքներում, նախատեսվում են այդ քաղաքներում նաև հանրահավաքներ:
Նա տեղեկացրեց, որ «Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, առնվազն չորս օր նվիրելու են Երևանում քարոզչությանը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր քաղաքներով այցերը կլինեն մարտի 10-11-ից:
Հարցին՝ Երևանում մեծ հանրահավաք նախատեսվո՞ւմ է, Ս. Պապիկյանն ասաց, որ դեռևս այդ որոշումը չկա:
«Նպատակն է հանրությանը ներկայացնել այն բոլոր կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխություններին և, իհարկե, դրա կարևորությունը Հայաստանում հետագա բարեփոխումների իրականացման համար»,- նշեց Ս. Պապիկյանը:
Նա ասաց, որ այժմ գտնվում է արձակուրդում, հաջորդ շաբաթվա մեջ կվերադառնա աշխատանքի, այց ունի Վրաստան, հետո կրկին արձակուրդում կլինի մինչև քարոզչության ավարտը: Ս. Պապիկյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարշավին, անհրաժեշտ օրերին նույնպես կլինի արձակուրդում:
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար քվե տալ, Ս. Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Պրոցես է, և մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք: Մենք հնարավորություն ենք ընձեռնել Հայաստանի քաղաքացուն ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում ունենալ մեր երկիրը: Չկա առավել ժողովրդարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա մեր քաղաքացիների ձայնի ու կամքի արտացոլումն է լինելու: Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պետք է հաշվի նստենք այդ իրականության հետ»:
Վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին հարցին՝ նա պատասխանեց. «Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք:
Ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, որևէ մեկը չի կարող շրջանցել իրեն տված լիազորությունը, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել»:
Նրա խոսքով, խախտողները հավասարապես պատժվելու են:
Ս. Պապիկյանի կարծիքով, կա ձևավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ: Նա նշեց, որ բոյկոտի կոչը շատ ավելի վատ երևույթ է, քան դուրս գալ և ասել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են այսինչ հիմնավորումներով. «Բոյկոտի հեղինակները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն և քաղաքացու գիտակցությանը»:
Ս. Պապիկյան անդրադարձավ նաև «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը: Նա նշեց. «Անհամապատասխանության որևէ խնդիր չկա: Իրավական կարգավորումը հետևյալն է. հրավերն ու դրամահավաքի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Կուսակցությունը որևէ կերպ որևէ նվիրատուի նկատմամբ որևէ սխալ բան չի արել: Թե իմ, թե վարչապետի հայտարարության մեջ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, ամենակարևոր պատճառը «Այո»-ի քարոզչությունն է, որևէ կերպ չի թաքցվել, կարիքն էլ չկար: Եթե դրամահավաք-երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում հարց կառաջանար, թե ինչո՞ւ է հավաքվել 200 միլիոն ու դրա ճակատագիրն ի՞նչ է լինելու: Հստակ է, որ հասեցատերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»:
Հարցին՝ անուններ կա՞ն, ովքեր են փոխանցողները, նա պատասխանեց. «Բնականաբար, անուններ կան: Այն հատվածը, որը Կենտրոնական բանկի կողմից տրված հաշվեհամարի վրա են, դա կտեսնեք, գաղտնիք չէ»:
Պատասխանելով հարցին՝ հաշվարկե՞լ եք քանի կիլոմետր ճանապարհ կարելի էր վերանորոգել պետական բյուջեից հանրահավաքի համար հատկացրած գումարով և արդյոք արժե այդքան ծախսել հանրահավաքի վրա, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «3,5 միլիարդը բազմապատկեք, մոտավորապես 1 կիլոմետր հիմնանորոգումն արժենում է 120 միլիոն դրամ: Իհարկե, արժե, ու մենք ծախսում ենք, ու այն ծախսը, որ կատարվում է, կատարվում է իր նպատակի համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան