Պաշտպան. Քրգործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը.
քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:
Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Իմ տեղեկություններով, Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելը որակել են որպես դժբախտ պատահար
- Կարճվել է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված շորթման գործը
- Նոր մանրամասներ Դավիթ Սանասարյանի և երեխայի մոր միջև ծագած գործից
- Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ. Աթանեսյան
- Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն
- 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսևորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում Դավիթ Սանասարյանն է
- Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
- Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել