Փաշինյան. Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:
Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով:
Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:
Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած:
Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ»։
Նրա խոսքով, Հայաստանը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ,։
«Եվ ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,-ասել է նա։