Academy Films ընկերությունն արդեն երրորդ սերիալն է նկարահանում Հայաստանում՝ ամերիկյան շուկայի համար
Մեկնարկել են «Քավարան» հեռուստասերիալի ադապտացված սցենարի հիման վրա անգլալեզու սերիալի նկարահանումները։ Ռեժիսորներն են Մայքլ Քեսին և Հայկ Կբեյանը, պրոդյուսերները՝ Քլեյթըն Թըրնիջն են և Արամ Թորոսյանը, որոնք նաև 2019-ին նկարահանված «Մահվան ջոկատը» սերիալի անգլալեզու տարբերակի պրոդյուսերներն են։
Academy Films ընկերությունից հայտնում են՝ գլխավոր պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին (Associated Television International), Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Արամյանը (Pan Armenian մեդիա գրուպ)։
«Քավարան»-ը 2017 թվականին PanArmenian մեդիա գրուպի և Film Factory-ի կողմից նկարահանված թրիլլեր ժանրի հեռուստասերիալ է, որը 2017 թվականի մարտի 6-ից ցուցադրվել է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։
«Քավարան»-ը կցուցադրվի CW ալիքով, հասանելի կլինի նաև Apple TV-ի միջոցով։ Ամերիկյան ռեմեյքում կնկարահանվեն և՛ հայաստանյան, և՛ ամերիկյան դերասանները։ Նկարահանող խումբը ևս Հայաստանից է։
«Այս երեք սերիալները փոքրաբյուջե կինոարտադրանքին են դասվում։ Վստահ ենք, որ նախագծերի իրականացումը սկիզբ է հանդիսանում երկարատև համագործակցության: Նախագծերի իրականացման ընթացքում մեր ամերիկյան գործընկերները, տեղում ծանոթանում են մեր երկրի կինոոլորտի հնարավորություններին, մասնագետներին, աշխատանքի կազմակերպման մեր հմտություններին։ Մեր նախորդ երկու սերիալներից առաջինը՝ «Չարքի հպումը», արդեն ցուցադրվել է CW ալիքով, հասանելի է նաև Popstar! սթրիմինգային սերվիսով, «Մահվան ջոկատ»-ը հետարտադրական փուլում է։ Մոտ ապագայում արդեն ավելի մեծ բյուջեների և ժանրային բազմազանության հետ գործ կունենանք»,- ասում է Academy Films ըկերության տնօրեն Արամ Թորոսյանը։