2020 թվականը գողանում է 1991 թվականի «այո»-ն երեք միլիոնով
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր էր ստեղծել նաև «Այո»-ի լոգո: Նախօրեին «Դվին» հյուրանոցում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարվել է, որ ավելի քան 200 մասնակից ներկայացրել են իրենց տարբերակներ: «Այո» քարոզչական շտաբն ընտրել է երեք լավագույն մասնակիցների:
Առաջին մրցանակակիրն է «Garօօn Agency» կազմակերպությունը, ստացել է 3 միլիոն դրամ: 2-րդ տեղը գրաված մասնակցին տրվել է 2 միլիոն դրամ, 3-րդ տեղի մասնակցին՝ 1 միլիոն դրամ:
Ի դեպ, նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ են անում ու լուսանկարներ հրապարակում` նշելով, որ 1991 թվականին նմանատիպ լոգո է եղել:
Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Սարիբեկյանը գրել է. «6000 դոլար գրագողության համա՞ր: Սրանից ցայտուն թալա՞ն, թող մտածեն այն մարդիկ, ովքեր դրամ են տվել այս հանրաքվե կոչված զավեշտին ու դրա կնքահայր կուսակցական թայֆային…:
Թեև չի բացառվում, որ դա պաշտոնական լոգո էլ չլինի: Էն ժամանակ ամեն մեկը իր համար լոգո էր սարքում: Կարող է՝ թերթերից մեկի հրապարակումների իլյուստրացիա էլ լինի: Փնտրում եմ…»:
Իրավաբան Արսեն Բաբայանը գրել է. «Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։
Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։
Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես այս լուսանկարը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում ու գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»: