Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում
«Ադրբեջանական հակահայկական տեղեկատվական գրոհը ռուսական մամուլում ոչ միայն սպասելի էր, այլև, ավելի հոռետեսական կանխատեսում անեմ, իրավիճակն էլ ավելի է բարդանալու»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նրա խոսքով, երբ մեկ-երկու տարի չես հակադարձում, և ինքդ այդ գրոհները չես նախաձեռնում ընդդեմ հակահայկական քարոզչության, ապա արդյունքը լինում է սա։
Փորձագետն ընդգծեց, տևական ժամանակ ինքն ու այլ փորձագետներ զգուշացնում են՝ ադրբեջանական կողմը փոխում է իր քարոզչության ոճը, դառնում է ավելի ճկուն, ավելի էֆեկտիվ միջազգային հարթակներում, ավելի ընկալելի միջազգային հանրության համար։
«Արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին, ինչ որ բան անո՞ւմ ենք հակազդելու համար, նման իրավիճակներում է պարզ դառնում։ Տարվա ընթացքում հնարավոր է չնկատվի, որ ոչինչ չի արվում, բայց երբ գալիս է պահը Խոջալուի թեմայով հակահարված հասցնելու, մենք տեսնում ենք, որ դրան, ցավոք սրտի, պատրաստ չենք, որովհետև ադրբեջանական քարոզչությունն աշխատում է ամբողջ տարին, ունի մեծ ֆինանսական կարողություններ։ Հայկական կողմը դրան պատասխանում էր կապերի, սփյուռքի, ԱԳՆ-ի աշխատանքի հաշվին, այդ ուղղությամբ կոնսոլիդացված աշխատանք էր տարվում»,-ասաց ադրբեջանագետը՝ նկատելով, որ փորձագետների հետ չաշխատելը բերում է բասացական հետևանքների։
Էլիբեգովան հիշեցրեց, Խոջալուի դեպքերի վերաբերյալ փաստավավերագրական բազան Հայաստանը վաղուց ստեղծել է։ Դրանք հրապարակված են բաց աղբյուրներում։
«Պետք է զուտ օգտագործել առկա նյութերը, սոցկայքերի հնարավորությունները, պաշտոնյանների էջերը, օրինակ ինչպես դա անում են Ալիևը, Ալիևան, նրանց դուստրը՝ ընըանյոք հանդերձ։ Նրանք կեղծ տեղեկատվություն են տարածում, բայց ունեն լսարան։ Հայկական կողմը պետք է անի նույն բանը, մեծ լսարան ունեցող օղակները պետք է օգտագործվեն, որպեսզի մեր ձայնը լսելի լինի։ Մենք այսօր հակափաստարկների լրջության, ծանրակշիռ լինելու խնդիր չունենք, խնդիրն այն է, որ դա պետք է հավաքել, ճիշտ ու ընկալելի մատուցել աշխարհին։ Մինչդեռ այսօր հայկական կողմը որևէ կերպ չի հակազդում ադրբեջանական քարոզչությանը, մենք չենք տեսնում որևէ լուրջ ծրագիր այդ ուղղությամբ վերջին շրջանում, մինչդեռ ինչպես ասացի, Ադրբեջանը միջազգային հարթակներում սկսել է նրանց համար ավելի ընկալելի լինել։ Սա խնդրահարույց է, հետևանքները մենք տեսնելու ենք հետագայում ավելի լուրջ մակարդակներում»,-մտահոգություն հայտնեց Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեղեկատվական-քարոզչական ճակատը բաց է
- Արման Սաղաթելյան. Իշխանություններից 20 ժամ պահանջվեց, որ ֆիքսեն՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան