Արման Թաթոյանն այցելել է «էլիտար» զորամաս
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ին հատուկ նախապես մշակված ծրագրով եղել է Արցախում: ՄԻՊ աշխատակազմի հատուկ մասնագետների հետ այցեր է իրականացրել տարբեր զորամասեր, զինվորական կենտրոնական հոսպիտալ, ռազմական ոստիկանություն, Շուշի քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել զինծառայողների հետ, նախապես հանդիպել նաև մի քանի զինծառայողների ընտանիքների հետ: Աշխատանքներն իրականացվել են Արցախի Մարդու իրավունքների հետ համատեղ:
«Ուշադրություն ենք դարձրել տարբեր հարցերի, հատկապես զինծառայողների, սպայական կազմերի իրավունքների ապահովման վիճակի հետ կապված հարցերին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա. Թաթոյանը:
Նա նշեց, որ Զինված ուժերում եթե դիտարկեն հարցերն ըստ կարևորության, արդիականության, թիվ մեկ հարցը բուզծառայությունների շարունակական բարելավման անհրաժեշտությունն է, բժշկի աշխատանքն ավելի գրավիչ դարձնելը:
Ա. Թաթոյանը տեղեկացրեց, որ հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ այցից առաջ հարցերը քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, այցից հետո նույնպես հանդիպել է նրա հետ: Ա. Թաթոյանը տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է քաղհասարակության հետ, քննարկել են հարցեր:
«Այժմ մենք ամփոփոխում ենք այցը, առաջիկայում գրավոր դիրքորոշում ենք ներկայացնելու»,- նշեց նա:
Հարցին՝ արդյո՞ք այցելել եք այն զորամաս, որի մասին գրվեց մամուլում, ներկայացվում է որպես «էլիտար», որտեղ ծառայում են բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, Ա. Թաթոյանն ասաց, այցելել են այդ զորամաս, առանձնազրույց ունեցել զինծառայողների հետ, ընդ որում այդ զորամասից երեք զինծառայող կալանավորված են, հանդպել են նաև նրանց:
«Այսպես կոչված «Հայկազով» ուսումնական զորամասում ուսումնասիրել ենք այդ հարցերը, մանրամասն առանձնազրույցներ են ունեցել, ամփոփում ենք այդ ամենը»,- նշեց նա:
Հարցին՝ ի՞նչ տեսաք զորմասում, արդյո՞ք արտոնյալ պայմաններին էին այնտեղ ստեղծված, Ա. Թաթոյանն ասաց. «Այժմ ամփոփման աշխատանքներ ենք տանում և որպեսզի պատասխանը լինի պրոֆեսիոնալ, կամփոփենք ու հիմնավորված պատասխաններ կտանք»:
Նա նշեց, որ չկա մի տեղ, որտեղ խնդիր չլինի: