ԱԳ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ
Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորել է ԱԳ նախարարին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ «Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։
Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: