Զ.Մնացականյանը Պաղեստինի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրքշումը
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայք էջից:
ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: