Բերման ենթարկման գործընթացում ինձ մտահոգում են «մասկի շոուները». Զոհրաբյան
«Հայաստան-ԵՄ հարաբերություններն ինձ համար անչափ կարևոր են»,- խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց, որ կան որոշ խնդիրներ, որոնք ՀՀ-ԵՄ ավելի ինտերակտիվ շփում են պահանջում։ Պատգամավորն առանձնացրեց քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող խոշտանգումների դեպքերը։
«Ինձ համար խոշտանգում է նաև, որ հիվանդ դատապարտյալներն ու կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ, և մենք ցավոք սրտի ունենք կալանավորներ, որոնց հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ։ Ցավոք, մենք ՔԿՀ-ներում ունենում ենք մահեր, քանի որ մեր դատական համակարգը դժվար է արձագանքում այդ իրողությանը։ Մենք ունենում ենք ձգձգվող դատական նիստեր, և առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող դատապարտյալների մահեր են արձանագրվում»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ բերման ենթարկման գործընթացում իրեն մտահոգում են «մասկի շոուները»։ Որպես օրինակ պատգամավորը մատնանշեց ԵՊՀ ուսխորհրդի ղեկավարին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ հագցնելով և քաղակտիվիստներին պատերին ծեփելով բերման ենթարկելու դեպքերը։
«Կարծում եմ, որ պիտի հասկանանք՝ մեր իրավական համակարգը չպետք է ունենա խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու։ Այն չպետք է ինքնամատույց ծառայություններ մատուցի իշխանություններին։ Ես հույս ունեմ, որ մեր ԵՄ գործընկերների հետ մենք կկարողանանք այդ օրենսդրական սողանցքները այնպես փակել, որ որևէ ինքնամատույց ծառայություն մատուցող օղակ չգերազանցի իր լիազորությունները»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2018թ-ին ԵՄ-ում ապաստան է հայցել Հայաստանի 4800 քաղաքացի
- Անդրեա Վիկտորին. Հույս ունենք, Հայաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնությունը շուտով կլինի
- Մենք ցանկանում ենք ուժեղացնել քաղաքական, ժողովրդավարական կայունությունը Հայաստանում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին