Էջմիածնի քաղաքապետարանն արդեն ձեռք է բերել ոսկյա մատանիներ և ոսկյա խաչ
Էջմիածնի քաղաքապետարանն արձագանքել է «Փաստ» թերթի այսօրվա հրապարակմանը. «Թեև քաղաքապետարանի պաշտոնական էջերում հնարավորինս մանրամասն և հասարակության լայն շերտերին հասանելի լուսաբանվում է քաղաքապետարանի գործունեությունը, այնուամենայնիվ հարկ ենք համարում պարզաբանել այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերով տարածվող տեղեկատվությունը, այն մասին, թե «Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի»:
Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե մտադիր է, այլ 2020 թվականի փետրվարի 13-ի՝ Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպած միջոցառման մասնակից նորապսակ զույգերի համար ձեռք է բերել ոսկյա մատանիներ, իսկ քառասնօրյա մանուկի համար ոսկյա խաչ, որոնք միջոցառման ընթացքում քահանայի օրհնելուց հետո նվիրվել են մասնակիցներին:
Մասնակիցները եւ, ինչու ոչ, համաքաղաքային միջոցառմանը ներկա քաղաքացիները կփաստեն, որ ոսկյա իրերը չեն եղել հիշյալ նյութում նկարագրվածի պես ճոխ և թանկարժեք, այլ կրել են ավելի շատ սիմվոլիկ բնույթ, որպես փոքրիկ ուշադրություն քաղաքապետարանի կողմից՝ քաղաքի բնակիչներին:
Սույն տեղեկատվությունը լուսանկարներով և տեսանյութով հրապարակված է թե´ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, թե´ քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Էջմիածնի քաղաքապետարանը աշխատել և աշխատում է բաց ու թափանցիկ»: