Հայ-ադրբեջանական պատմական զինադադարի ժամանակն է. Թոմ դե Վաալ
Դավադրության տեսությունները և անցյալի աղավաղված վարկածները վեր հանելով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միայն երկարացնում են Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը: Այս մասին գրում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալը՝ իր «Ժամանակն է հայ-ադրբեջանական պատմական զինադադարի» վերնագրով հոդվածում, ուր վերլուծում է Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանրային բանավեճը:
Վաալը գրում է, որ Ալիևն ու Փաշինյանը որոշ դեպքերում փորձեցին կառուցողական լինել, բայց նրանց կատարողականը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ երեք տասնամյակ շարունակվող այս հակամարտությունն ավելի մեծ է, քան երկու տղամարդիկ:
Վերլուծաբանը գրում է, որ Մյունխենում Փաշինյանն ու Ալիևը չունեին որևէ շոշափելի ուղերձ միմյանց, իսկ հնչեցրած մտքերը՝ իրենց ժողովուրդների վերապրած պատմական ցավերի ու դավադրության տեսությունների արտացոլումն էր:
«Փետրվար ամսվա վերջը միշտ էլ ծանր պահ է այս հակամարտության համար, քանի որ հայերն ու ադրբեջանցիները յուրաքանչյուրը հիշատակում են 1988-ին Սումգայիթում և 1992-ին Խոջալիի սարսափելի վայրագությունները:
Դեռևս չլուծված վեճով, անհնար է առաջնորդները խոստովանեն իրենց կողմի մեղքը այս դրվագների համար, ինչպես, ի վերջո, Սերբիայի նախագահը 2013-ին արեց՝ 1995թ.-ի Սրեբրենիցայի կոտորածի համար: Բայց և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ակտիվորեն խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը՝ վեր հանելով դավադրության տեսությունները»,-գրում է Վաալը, անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին, այս իրադարձությունների վերաբերյալ իր նախկին հարցազրույցներին։
«Մյունխենյան «ֆիասկոն» ցույց է տալիս, թե որքան խորն են դեռևս հայերն ու ադրբեջանցիները գտնվում ղարաբաղյան հակամարտության թակարդում և կա երրորդ այլընտրանքային ուղիի անհրաժեշտությունը, որը պարզապես չի կրկնի անցյալի երկու աղավաղված վարկածները»,-գրում է Վաալը՝ հավելելով, որ այս հարցում պատմությունը կարող է օգնել ու նշում, ո ինչ-որ մեկը թերևս պետք է վերատպի 1724թ.-ին պարսկական դարաշրջանի բարեկամության պայմանագրի տեքստը, որը կնքվել է Ղարաբաղի հայ տերերի և Գանձակի ադրբեջանական խաների միջև՝ ընդդեմ օսմանյան թուրքերի:
Հակառակ դեպքում, ըստ Վաալի, նախքան հաջորդ միջազգային ֆորումում նմանատիպ միջոցառման անցկացումը, կազմակերպիչները պետք է երկու առաջնորդներին խնդրեն պատմական հարցերի շուրջ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, որպեսզի կանխեն ներկա բանակցությունները «վատ պատմությամբ հետագա թունավորումը»։