Իտալիայում սկանդալ է հասունանում Ռաֆայելի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի շուրջ
Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահի գիտական կոմիտեն ամբողջական կազմով հրաժարական է տվել: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս քայլով բողոքում են Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելի «Լև 10-րդի դիմանկարը կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ» կտավը Հռոմի ցուցահանդես տանելու դեմ:
Ցուցահանդեսը նվիրված է Ռաֆայելի մահվան 500-րդ տարելիցին: Կոմիտեի անդամները կտրուկ դեմ են արտահայտվել գլուխգործոցը Հռոմ տանելուն, քանի որ կտավն ընդգրկված է արվեստի 24 ստեղծագործությունների ցանկում, որոնք որևէ պարագայում չեն կարող դուրս բերվել Ուֆիցցի պատկերասրահից:
Պատկերասրահի տնօրենը չի կիսում փորձագետների կարծիքը: Էյկե Շմիդտի խոսքով, դիմանկարը հատուկ վերականգնվել է հոբելյանի նախաշեմին և գտնվում է գերազանց վիճակում:
Ռաֆայելի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին՝ Հռոմի Սկուդերիե դել Քվիրինալե պատկերասրահում: