Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է արմենոցիդի. Ավագյան
Սումգայիթյան դեպքերը հայության կողմից ամբողջությամբ բացահայտված չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Վերջինիս խոսքով, Սումգայիթ երևույթին տրված չէ պետական, քաղաքական և իրավական գնահատական, և դրան զուգահեռ Կասպից արևմուտքում տեղակայված ցեղասպան մեքենան շարունակում է աշխատել։
«Սումգայիթ երևույթը սկսվել է 1987 թվականի վերջին 2 ամիսների ընթացքում, երբ քաղտեխնոլոգների հսկայական ռեսուրսներով ձևավորվեց մի ամբողջ կեղծիքի մոդել և պլանավորվեց, թե ինչպես պետք է այնտեղ ապրող ցեղերի մեջ բռնության մշակույթը արթնացնել։ Դա հետո պետք է տաներ արմենոցիդի։ Ադրբեջանական բոլոր դասագրքերում ընդգրկված է Սումգայիթի պատմությունը, բնակաբանար, տարատեսակ կեղծիքներով, թե իբր հայերն են իրենց մորթել, և ավելին, այդտեղ մի հետաքրքիր հիմնավորում կա՝ հայերը բարձրաձայնում են՝ զոհերի թիվը քիչ է, որ իրենց մեղքի բաժինը փոքրացնեն»,- ասաց Ավագյանը։
Նա նշեց, որ Սումգայիթում բռնությունների ենթարկվածների հետ խոսելիս տեղեկացել է՝ մարդասպանների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները, և հատկապես նշվում է տարիքային 12-14 տարեկանների սանդղակը.
«Այդ մարդիկ այսօր 45-50 տարեկան են, և նրանց երեխաները դպրոցում Սումգայիթի պատմություն են անցնում։ Այսինքն՝ արմենոցիդի պլանը այդքան խորն է դրված, և ադեկվատ իրավիճակ է մի կողմից ցեղասպան մեքենայի, մյուս կողմից՝ դրա պլանները ապահովող հանրության մեջ։ Այսօր Կասպից արևմուտքում բացի այնտեղ բնիկ պետականազուրկ ժողովրդից, ապրում է նաև ցեղախումբ, որ ուղիղ պտուտակն է ցեղասպան մեքենայի, և այսօր էլ պատրաստ է արմենոցիդի, միայն դրա համար առիթ է պետք»։
Ջարդերի ականատեսների խոսքով, Սումգայիթում սպանվել է ոչ թե 26 կամ 32 հայ, այլ 1000-ից ավելի։ Խորհրդային բանակի սերժանտ Աշոտ Համբարձումյանը, ով այդ օրերին Սումգայիթում է եղել, վկայել է՝ մեկ գիշերում իրենք 1000 դի են հայտնաբերել։
«Ես հանդիպել եմ սումգայիթցի մի ընտանիքի հետ, որ մտերիմ է եղել ադրբեջանցի բարձր պաշտոնյայի ընտանիքի հետ։ Այդ ադրբեջանցի ընտանիքը պատսպարել է Օֆելյա Հովսեփյանի ընտանիքին։ Մարտի 6-ին այդ ադրբեջանցի պաշտոնատար անձը ասել է, որ դիմացի փողոցով հայերին տանելու են հողածածկ անելու։ Նա տեղեկացրել է «պազ» ավտոբուսներով տանելու են մահացածներին, իսկ «զիլ»-երով՝ սպանվածների մարմնի մասերը։ Ընդհանուր մեքենաների թիվը հասել է 30-ի։ Եթե հաշվենք՝ ինչ ծավալի տարողունակություն ունեն այդ մեքենաները, և յուրաքանչյուր մարդու քաշը մոտավոր 80 կգ գցենք, կստանանք մոտ 1500 դի»,- պատմեց նա։
Ըստ Ավագյանի, Ադրբեջանը չի էլ թաքցնում իր՝ արմենոցիդ իրականացնելու մտադրությունը։ Ալիևը մյունխենյան ամբիոնից էլ հայտարարեց, որ Հայաստանն ագրեսոր է, և իրենց բառաֆոնդում ներկայացված է որպես թշնամի պետություն։
Բանախոսը պնդում է, որ Սումգայիթի սպանդի մասշտաբները շատ մեծ են եղել, և անհնար էր դա կազմակերպել մի քանի հոգով. «Միանշանակ երևում է, որ ամբողջ պետական ապարատն է լծված եղել Սումգայիթը կազմակերպելուն։ Մեր իշխանությունն այսօր Սումգայիթի մասշտաբներից չի խոսում, քանի որ այդ դեպքում պետք է քաղաքական գնահատական տա»։
Հարցին, թե ինչու ներկայիս իշխանությունը Սումգայիթյան ջարդին չի տալիս քաղաքական գնահատական, Ավագյանը պատասխանեց՝ նախորդ իշխանության պարագայում մենք արտաքին կառավարման տակ էինք, իսկ թե ինչու ներկայիս իշխանությունն այդ քայլը չի անում, անհասկանալի է։
«Մեր իշխանությունը Սումգայիթյան ջարդերի 30-ամյակի արարողության ժամանակ շատ գեղեցիկ արարողություն արեց Ծիծեռնակաբերդի 3 խաչքարերի մոտ, բայց դրան զուգահեռ վարչապետի ուղերձը շատ թույլ էր, նույնիսկ՝ նրա վարկանիշը ոտնահարելու աստիճան թույլ էր։ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումը ևս շատ թույլ էր»,- շեշտեց Ավագյանը։
Նա հայտնեց իր մտահոգությունը՝ քանի մարդկային կորուստ է ունեցել հայ ժողովուրդը Սումգայիթյան ջարդերի օրերին։ Իսկ այդ հարցի պատասխանը պետք է իշխանությունը փորձի հիմա պարզել, քանի դեռ ականատեսներ կան և կարող են հստակ ինֆորմացիա տալ։
«Сумгаит… Геноцид… Гласност?» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը հայտնեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է 1918 թվականին՝ Ադրբեջանի ստեղծմամբ։ Վերջինս ստեղծվել է Թուրքիայի կողմից, որպես երկրորդ պետություն։
«Այդ ստեղծված պետությունը 1920 թվականին հարձակվեց Շուշիի վրա, և այնտեղ կոտորած արեց։ Եվ ռուս բոլշևիկների թույլտվությամբ Սոցիալիստական Ադրբեջանի կազմի մեջ մտան Ղարաբաղն ու Նախիջևանը։ Այսինքն՝ շարունակվում է հայկական տարածքների գրավումը։ Եվ սովետական շրջանում նույնպես շարունակվում է հայահալած քաղաքականությունը։ Թուրքիան իրականացնում է մեծ Թուրան ստեղծելու իր ծրագիրը, իսկ դրան խանգարողների թվում Հայաստանն առաջինն է։ Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել այդ ծրագրից և շարունակում է հայերին կոտորելու քայլեր իրականացնելը»,- ասաց Ուլուբաբյանը։
Որպես լուծում Ուլուբաբյանը առաջարկում է ստիպել Մինսկի խմբին հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը համարել 1918 թվականը, և հաշվի առնել պատմական գործոնը։
«Եթե հաշվի չառնվի պատմական գործոնը, կնշանակի, որ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դրվում է մի կողմ, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը համարվում է 1990 թվականը։ Այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի համար Մինսկի խմբի առաջարկած դրույթները անհավասար պայմաններ են ստեղծում։ ԽՍՀՄ փուլզումից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ 1918-1920 թթ. անկախ Ադրբեջանի իրավահաջորդն է դառնում՝ նպատակ ունենալով սովետական շրջանում իր կատարած հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար։
Բայց եթե անկախ Ադրբջանի իրավահաջորդն է, այդ պետության տարածքում ոչ Նախիջևանն է եղել, ոչ էլ Ղարաբաղը։ Իսկ այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է պահել ԽՍՀՄ-ից ժառանգած Ղարաբաղը և Նախիջևանը, բայց իրեն համարում է անկախ Ադրբեջանի իրավահաջորդ։ Մինսկի խմբում եթե այս ամենն ասվի, բոլոր դրույթներն էլ մեր օգտին են գործում»,- եզրափակեց խոսքը Ուլուբաբյանը։