Արվեստագետն առաջարկ է արել վարչապետին ու նախագահին
Արվեստագետ Սահակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին ուղղված առաջարկով է հանդես եկել արել. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության վախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկ: Հարգարժան վարչապետ, հարգարժան նախագահ՝ առաջարկում եմ 2020 թվականի պետական մրցանակը Կերպարվեստի ոլորտում հետմահու շնորհել ֆոտոարտիստ-ֆոտոդոկումենտալիստ Գերման Ավագյանին անբասիր ստեղծագործական կյանքի հսկայական մշակույթային ժառանգության և քաղաքացիական դիրքորոշման համար: Հավատացեք՝ երկիրը նաև էսպես են սարքում...Հարգանքներով Սահակ Պողոսյան.(արվեստագետ)»:
Նա նաև ֆլեշմոբ է հայտարարել՝ առաջարկելով Գերման Ավագյանի էջից ընտրել նախասիրած լուսանկարը և վերը նշված տեքստով հանրայնացնել այն:
Արվետսագետի առաջարկին միացել են այլ օգտատերեր, հիմնականում՝ արվեստագետներ, այդ թվում քանդակագործ Նունե Թումանյանը, երգչուհի, երգահան, վոկալի մասնագետ Սրբուհի Ստամբոլցյանը, գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը մահացել է փետրվարի 16-ին: Նա 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար։ Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։