Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությունները:
«Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին: Այդ հանդիպման ընթացքում չԻ խոսվել, թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը: Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք: Ջուլֆալակյանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը:
Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք: Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին: Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն խառնվել մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել:
Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ: Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն», -news.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռոբերտ Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ջուլֆալակյանը՝ Ալեքսանյանի մասին. Մանկությունից իրար ընտանիքներով գիտենք, ցավոք, գիտեինք, բայց չէինք ճանաչում
- Մարզչական խորհուրդն իմ դեմ կայացնում է ապօրինի որոշում. Ջուլֆալակյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են