Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը
Փետրվարից 28-ից մեկնարկելու են մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը Ռուզան Սարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 12:00-ին կհանդիպեն Սարյանի արձանի մոտ, այնուհետև կայցելեն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ նկարչի շիրիմին, իսկ Ավետիք Իսահակյանի գրադարանում ժամը 14:00-ին կկայանա Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը:
Նա նշեց, որ շնորհանդեսին ներկա կլինեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, որոնք այդ հուշերի հեղինակներն են:
Փետրվարի 29-ին՝ հենց նկարչի ծննդյան օրը, տուն-թանգարանում են նախատեսված միջոցառումներ:
«Երևի թե ամենամեծ նվերն ենք պատրաստել մեր շատ սիրելի վարպետին. հիմնանորոգվել է 1910 թվականին նրա ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը ներկայացվելու է արվեստասեր հասարակությանը»,- ասաց Ռ.Սարյանը:
Նա նշեց, որ կարևոր խնդիր է մշակութային արժեքները պահպանել և բարվոք վիճակում փոխանցել հաջորդ սերունդներին:
«Սարյանը մեծ մտահոգություն ուներ այդ նկարի հետ կապված: Դեռևս իր կենդանության օրոք այն վնասվել էր: Փորձել է վրան աշխատել, կարգի բերել, բայց, իհարկե, պետք էր պրոֆեսիոնալ աշխատանք, որը արվեց»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:
Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։
«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ օպերան բեմ բարձրանա սարյանական ձևավորումով, և, կարծես թե, մյուս տարի, երբ տոնելու ենք Սպենդիարյանի 150-ամյակը, արդեն կունենանք «Ալմաստը» բեմում նաև Սարյանի՝ վերականգնված ձևավորմամբ»,- ասաց նա:
Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նշվելու է նաև գրող Ղազարոս Աղայանի 180-ամյակը, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակը:
Հարակից հրապարակումներ`
- Ես սիրում եմ Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը. Միխայիլ Պիոտրովսկի
- Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում
- Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
- Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը
- Մարտիրոս Սարյանի շուրջ 30 գեղանկար ցուցադրվելու է Տրետյակովյան պատկերասրահում
- Մարտիրոս Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Ռուզան Սարյան