Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք զբոսաշրջության մասնագետ, հեթանոս Վահե Լորենցի ֆեյսբուքյան էջից։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։
Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի էր որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։
Նա 2007 թ. ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին է ներկայացրել իր փաստերը, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։
Կարապետյանը 2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար, 2004-ին Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանին և Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան