Վարդգես Սուրենյանցի հոբելյանի առթիվ լույս է տեսել մեծ արվեստագետին նվիրված գիտական ուսումնասիրություն
Այսօր լրանում է գեղանկարիչ, գրաֆիկ, գրքային նկարազարդող, քանդակագործ, ճարտարապետ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը: Ազգային պատկերասրահն այս հոբելյանի առթիվ լույս է ընծայել մեծ արվեստագետին նվիրված գիտական ուսումնասիրություն (ռուսերեն լեզվով), որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին: ՀԱՊ-ի հաղորդմամբ, գիրքը հրատարակվել է Հրանտ Աղասյան հիմնադրամի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ:
Վարդգես Սուրենյանցը հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիրն է, զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը: Նա ստեղծել է առաջին պատմական բնանկարը՝ «Հռիփսիմե»:
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Մի օր քահանա Սուրենյանցը Այվազովսկու հետ Բախչիսարայ է մեկնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ Վարդգեսին: Ճանապարհին փոքրիկը խանական պալատի էսքիզներ էր անում, որոնցում հանրաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսին նկատել է մեծ տաղանդի սաղմերը: Հետագայում Սուրենյանցը Բախչիսարայ պատկերող ստեղծագործությունները նվիրում է Հովհ. Այվազովսկուն: Հովհ. Այվազովսկին ուշադրություն է դարձրել Սուրենյանցի նկարած շատրվանին և պալատը պատկերող մատիտե ստեղծագործություններին, գովել նրան ու ներկեր նվիրել: Այս իրադարձությունը դարձել է Սուրենյանց նկարչի ուղու սկիզբը:
Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։
Սուրենյանցն ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք, ունի դիմանկարներ և բնանկարները, Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր:
Սուրենյանից հիմնական սկզբունքն է՝ նկարիչը չպետք է կուրորեն արտատպի այն, ինչ ծնել է բնությունը, այլ պետք է ստեղծի իրենը: Նկարիչն ասել է. «Յուրաքանչյուր նկարիչ իր «արվեստագետ ընկերների» շրջանակում իր դիրքի համար պարտավոր է յուր «ձեռագրին», որը նա պետք է փայփայի»:
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։
Նկարել է նաև բնանկարները, դիմանկարները։
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Կուլտուրա» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի Վարդգես Սուրենյանցի մասին
- Ախալցխայում վաճառվում է Վարդգես Սուրենյանցի տունը
- Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա