Վիտալի Բալասանյան. Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում
Արցախի Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկել են նախընտրական քարոզարշավը՝ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի»։ Հանդիսավոր այս արարողությանը մասնակցել են բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։
Մարտի 31-ն արցախցիների համար կարևորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու և երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Անարդարության մթնոլորտը և սոցիալական բևեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն և հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է և պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»։
Քարոզարշավի առաջիկա օրերին առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, երկիրը ներսից ջլատող կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։
«Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման և այլ հարցերում: Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում և ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլին, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»,-ասել է Վ. Բալասանյանը:
Քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասնակիցներն այնուհետև շարժվել են դեպի Ասկերան և ծաղիկներ խոնարհել «Փետրվարի 22-ի» հուշակոթողին։ Ապա Վ. Բալասանյանը գնացել է Թալիշ, որտեղ հանդիպում է ունեցել ընտրողների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Արցախում կան նախագահի թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ
- Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար»
- Վիտալի Բալասանյան. Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ yerevan.today
- Վիտալի Բալասանյան. Ես տալիս եմ իմ համաձայնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին