Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից 2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ:
Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575 դեպք:
Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:
Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով: