Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել
Ռուսաստանում ներկայացվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» գիրքը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս գրքով սկիզբ է դրվել հայրենական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված գրքերի շարքի ներկայացմանը:
Գրքի հեղինակ, Դոնի Ռոստովի բնակիչ Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ գիրք գրելու առաջարկը ստացել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամլո կենտրոնի ղեկավար Սերգեյ Իվանովից:
«Նրա պապը Ռուսաստան է տեղափոխել Իրանից: Գևորգը ինքը ծնվել է Ռոստովում, կյանքի վերջին տարիներին հաճախ էր գալիս այստեղ: Ես նրան գիտեի: Ինձ միշտ զարմացնում էր նրա ոչ այնքան մեզ բնորոշ նրբաճաշակությունը,հասանելիությունը, հեշտ շփումը, խելքը»,- պատմել է գրքի հեղինակը:
Գ. Վարդանյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։
Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կտեղադրվի լեգենդար հետախույզներ Վարդանյաններին նվիրված սառցե քանդակ
- Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
- Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան