Մարդ կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի, թեյ, սուրճ կամ օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ներառված է 35 հարց, որից 31-ը չզեկուցվող է, 1-ը՝ գաղտնի։
Նախքան նիստի օրակարգին անցնելը վարչապետ Փաշինյանն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկատվություն տրամադրել կորոնավիրուսի հետ կապված, մասնավորապես՝ ինչ միջոցներ կան ձեռնարկված վիրուսից պաշտպանվելու համար։
Արսեն Թորոսյանը նշեց՝ երեկվա տվյալների համաձայն աշխարհի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 81,109 դեպք, որից 78,191-ը՝ Չինաստանում։ Մահվան դեպքերը հասել են 2718-ի։
Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով վարակված մարդը կարող է և կարծել, որ գրիպով է վարակված. «Վարակվածների միայն 5 տոկոսի մոտ են գրանցվում ծանր դեպքեր, որոնք բժշկական միջամտություն են պահանջում»։
Վարչապետը հետաքրքրվեց՝ այսինքն՝ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործի՞ն։
Ի պատասխան վարչապետի հարցին, Թորոսյանը նշեց՝ այո, ապա հավելեց՝ դա իր և լավ, և թե վատ կողմերն ունի. «Բացասական է այն առումով, որ մարդ չի կարող վարակման դեպքը հայտնաբարել»։
Վարչապետն էլ արձագանքեց՝ դե, որ մարդ գլխի չի ընկել, որ կորոնավիրուսով վարակվել է, ո՞նց պիտի հայտնաբերի։
Թորոսյանը ներկայացրեց նաև տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման դինամիկան։
«Իրանում պաշտոնական վերջին տվյալներով ունենք կորոնավիրուսով վարակման 139 և մահվան՝ 19 դեպք։ Երեկ երեկոյան էլ Վրաստանում է արձանագրվել կորոնավիրուսով վարակման 1 դեպք։ Ես առավոտյան խոսել եմ իմ գործընկերոջ հետ։ Նա տեղեկացրեց, որ հիվանդի հետ շփված մարդիկ տեստավորվել են, բացասական արդյունք է եղել։ Սակայն նրանք 14 օրով մեկուսացվել են, կամ դրանից հետո կհամարվեն վարակակիր, կա՛մ կպարզվի, որ առողջ են»,- ասաց Թորոսյանը։
Վարչապետն էլ արձանագրեց, որ վարակված քաղաքացին Ադրբեջանի տարածքով է Իրանից գնացել Վրաստան. «Նա, ըստ էության շփվել է սահմանային անցակետի 4 աշխատակիցների հետ, և նրանց հետ տեստ է արվել, բացասական պատասխաններ են եկել։ Դա գործնականում Վրաստանում վարակի դեպք չենք կարող համարել»։
Նշվեց նաև, որ երեկ Իրանից Հայաստան ինքնաթիռով վերադարձել է 52 ՀՀ քաղաքացի, որոնց ուղեկցել է առողջապահության նախարարության աշխատակից։ Բոլոր քաղաքացիները Իրնանում հետազոտվել են, նրանց մեջ վարակակիր չի եղել։ Երևանում ևս քաղաքացիները զննվել են, և որևէ դեպք չի հայտնաբերվել.
«Ջերմաչափում և զննում է կատարվել, որը առավելագույնն է, որ կարելի է կատարել նման վարակների դեպքում։ Մինչ օրս կատարվել է 95 հետազոտություն, բոլոր դեպքերում բացասական է եղել տեստի արդյունքը։ Ներկայումս ունենք 850 հետազոտության տեստ, և 3000-ը շուտով կստանան»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի դեղատներում նույնպես դիմակների սղություն է
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Պետք է մարդու մեջ վիրուսների ժամանակ դիմակներ կրելու ինքնագիտակցությունը բարձրացնել. համաճարակաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին