Երթևեկության նման պայմաններում վարորդների տուգանքը արդարացված չէ. ՄԻՊ
«ՃՏՊ-ների հետևանքով մահերի տարեցտարի աճող թվերը մտահոգիչ են»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Վերջինիս խոսքով, վարորդների տուգանման բալային համակարգի հետ կապված գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չեն իրականացվել իրազեկման աշխատանքներ։ Թեև, ըստ Թաթոյանի, նախագծի սկզբնական տարբերակում 6 ամիս նախատեսված էր իրազեկման և ևս 6 ամիս՝ ճանապարհները կահավորելու համար։
«Արդյունքում ստացվեց այն, որ մարդիկ հստակ պատկերացում չունեն՝ ով ինչ խախտման համար կարող է ենթարկվել պատասխանատվության, և այս կամ այն վարքագիծը ինչ հետևանք կարող է ունենալ։ Իրազեկման աշխատանքներ իրականացվում են, բայց դրանք քիչ են, և կատարվում են համակագի ներդրմանը զուգահեռ»,- նշեց Արման Թաթոյանը։
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի, չնայած ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներին, որոնցով միավորներ են կուտակվում, բացառապես կախված են վարորդի վարքագծից, այնուամենայնիվ, առկա են այնպիսի խախտումներ, որոնց նպաստում է երթևեկության անհրաժեշտ պայմանների բացակայությունը։
«ՄԻՊ ուղարկված բողոքների ուսումնասիրության համաձայն, մեր երկրում առկա են ճանապարհային կահավորման հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ճանապարհային գծանշումներ, հետիոտնային անցումներ, տեսանելիության անբավարարություն, ասֆալտապատումից հետո գծանշումների բացակայություն, երթևեկության ծանրաբեռնվածություն։ Այս խնդիրներին բախվում են մեծամասամբ տաքսու վարորդներն ու առաքիչները, որոնք հաճախ ստիպված են լինում կայանել երկրորդ գծում։ Իսկ մյուս վարորդներն էլ ստիպված շրջանցում են երկրորդ գծում կայանած մեքենային՝ հանդիպակաց հոսքագիծ դուրս գալու միջոցով»,- ընդգծեց Թաթոյանը։
Նա շեշտեց, որ երթևեկության նման պայմաններում վարորդների տուգանքը արդարացված չէ. «Սա չափազանց բարձր աստիճանի միջամտություն է մարդու իրավունքին, իսկ որքան բարձր է միջամտությունը մարդու իրավունքին, այնքան մեծ պարտավորություն և ջանք պետք է գործադրի պետությունը, որպեսզի համաչափության տեստը հաղթահարվի։ Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ոչինչ չխնայի՝ ճանապարհները կահավորելու ուղղությամբ, որովհետև ստացվում է, որ մարդն իր կամքից անկախ ենթարկվելու է ներգործության միջոցների՝ տուգանքի տեսքով»։
Այնուամենայնիվ, Թաթոյանը հաստատեց, որ բալային համակարգն աշխարհում համարվում է ամենաարդյունավետ համակարգերից մեկը։ Դրա ներդրումն մյուս պետություններում այլ բաղադրիչների հետ համատեղ է արվում. «Օրինակ, պետք է ամեն ինչ արվի, որ արագաչափ սարքերն ավելի տեսանելի լինեն մարդկանց համար, հետիոտնային անցման համար զգուշացնող նշանները ևս պետք է լինեն հստակ ամրագրված և տեսանելի, որպեսզի մարդու համար իր վարքագծի հետևանքները կանխատեսելի լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս գարշահոտ գետնանցումներ չեն լինի
- 2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է
- 2019 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մոտ 2 մլն. դեպք է արձանագրվել