Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս գարշահոտ գետնանցումներ չեն լինի
«Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին թվով 7 հետիոտնային անցում կահավորել է հետիոտնային կանչի լուսացույցերով»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը։
Նրա խոսքով, 2020 թվականին նախատեսվում է Երևան քաղաքում 37 հետիոտնային չկարգավորվող անցում ևս կահավորել լուսացույցերով։
«Այսպիսով, այս տարեվերջին Երևան քաղաքը կունենա 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույց»,- ասաց Գալստյանը, ապա հավելեց՝ քաղաքում կա շուրջ 80 վտանգավոր անցում, որոնք կկահավորվեն լեդ լույսերով։
Գալստյանը նշեց, 786,000 մետր քառակուսի տարածք ասֆալտապատվել է նախորդ տարվա ընթացքում. «Շուրջ 100,000 մետր քառակուսի գրունտային ճանապարհ պատվել է ասֆալտե տաշվածքով, իրականացվել է 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանք, շուրջ 13,000 մետր քառակուսի սալիկապատման աշխատանքներ, ինչպես նաև մայթերի կառուցում»։
Ինչ վերաբերում է ստորգետնյա անցումներին, Գալստյանը ներկայացրեց՝ Ազատության պողոտայում և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ։
«Այս տարի նախատեսվում է կատարել 577.000 մետր քառակուսի ասֆալտապատման և 402,000 ճաքալցման աշխատանքներ։ Կառուցվելու է 1 վերգետնյա անցում։ Այսպիսով, Երևան քաղաքում ունենալու ենք 31 վերգետնյա անցում, և իրականացվելու են 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ»,- նշեց Գալստյանը։
Լսումներին ներկա քաղաքացիներից Մանուել Մանուկյանը հետաքրքվեց՝ ի՞նչ միջոցներ է քաղաքապետարանը ձեռնարկում քաղաքային տրանսպորտի հարցը լուծելու համար. «Մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, և տառապելով խցկվում են ավտոբուսները, որ հասնեն տուն։ Ի՞նչ է անում քաղաքապետարանն այս ուղղությամբ»։
Պատասխանելով հարցին՝ Գալստյանը նշեց, որ քաղաքապետարանը երբեք ջայլամի քաղաքականություն չի վարել և երբեք չի ասել՝ ամեն ինչ իդեալական է։
«Մենք հայտարարել ենք, որ 2-3 տարվա ընթացքում ունենալու ենք այլ կարգի սպասարկում։ Մենք ժառանգել ենք այն, ինչ ունենք, և դրանից չենք խորշում։ Ինչ քայլեր են ձեռնարկվում, ես ասեմ՝ այս տարվա համար հանձարարվել է ամենաարագ տեմպերով ունենալ 100 նոր շարժակազմ։ Բայց միայն շարժակազմ բերելով Երևան քաղաքի տրանսպորտի խնդիրը չի լուծվի։ Դրա համար անհրաժեշտ է երթուղային ցանցի, շարժակազմի, որակավորված վարորդների, կանգառների և ժամանակակից արտադրական բազայի առկայություն»,- եզրափակեց խոսքը Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է
- 2019 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մոտ 2 մլն. դեպք է արձանագրվել
- Տարիներ շարունակ հարց է բարձրացվում, որ Պարոնյան և Մաշտոցի փողոցների գետնանցումը կարգի բերվի. Բագրատյան