«Թամանյանը ստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին»․ Նաիրա Զոհրաբյան
«Վարորդների տուգանման բալային համակարգի նախագիծը ներկայացնելու պահից սկսած խեղաթյուրվել է խնդիրը, անընդհատ մեզ ասել են՝ չե՞ք ուզում, որ կարգ ու կանոն լինի»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց՝ կողմնակից կլինի, որ ղեկին հարբած վիճակում նստելու համար նախատեսված պատժաչափը շատ ավելի խիստ դառնա, ավելին՝ կողմ կլինի, որ այդ դեպքում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն սահմանվի։
«Բայց երբ մենք ունենք բացարձակ չկահավորված փողոցներ, երբ հաշվարկված չեն քաղաքի ճանապարհային առանձնահատկությունները, Թամանյանը ստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին։ Քաղաքը նախատեսված չի այսքան մեքենաների և այսքան վարորդների համար։ Եվ եթե անգամ Շումախերը լիներ, ուղղակի չէր կարողանալու էնպես անել, որ ոչ միտումնավոր որևէ խախտում չաներ»,-ընդգծեց Զոհրաբյանը։
Ըստ նրա, եվրոպական երկրների օրինակները ներկայացնելուց հետո, պետք է նաև նայել այդ երկրների անգամ ամենափոքր քաղաքի փողոցների կահավորանքը։ Նա շեշտեց, որ փողոցներում գծանշումները գրեթե չեն երևում, լուսակիրներ կան, որտեղ դեղին լույս անգամ գոյություն չունի. «Գիտեք, ես օգտվում եմ տաքսուց, և ուզում եմ, որ իմ վերջնականգառում կայանի մեքենան, բայց ասում է՝ չեմ կարող, քանի որ մեր կայանատեղիները միջնադար են հիշեցնում»։
Որպես խնդրի լուծում Զոհրաբյանն առաջարկեց նախ կահավորել փողոցները եվրոպական փողոցներին համապատասխան, ապա որևէ կերպ բեռնաթափել գոնե քաղաքի կենտրոնական հատվածը, նոր մարդկանց տուգանել։
«Մեր քաղաքի ասֆալտին դուք ծանոթ եք, վարորդը. որ ջրափոսը չընկնի, հատում է հոծ գիծը, ու միանգամից բալը շփացնում են։ Ի՞նչ անենք։ Եկեք գնանք ողջախոհության տարբերակով»,- եզրափակեց խոսքը Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության նման պայմաններում վարորդների տուգանքը արդարացված չէ. ՄԻՊ
- Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս գարշահոտ գետնանցումներ չեն լինի
- 2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է